Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները ֆիքսվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում և ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և տեսանյութում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ»,- փոխանցեց Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանն իր տեսանյութում հայտարարել էր, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ցանկություն է հայտնել տեսակցել իր հետ և արդեն հանդիպման ժամանակ առաջարկել է սիմվոլիկ գումար փոխանցել Հայաստանի հիմնադրամներից որևէ մեկին, ինչի դիմաց չեն հարուցվի քրեական գործեր:











