Արդյոք մենք պե՞տք է անցնենք սպանդանոցային համակարգին, միանշանակ, որովհետև բացի առողջապահական խնդիրներից, սա երկրի ստանդարտի և վարկանիշի հարց է: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ մարդը փող է դնում, մեկ էլ մտածում է՝ կարող է այս սպանդանոցը կառուցեմ, փող ծախսեմ, պարզվի կառավարությունը չեղյալ է համարել: «Մի կողմից ունենք իրավիճակ, երբ սիրելի հայրենակիցներն էդ ոլորտում ներդրումներ են արել, և երբ սիրելի հայրենակիցները որոշակի խնդիրներ ունեն այս իրավիճակի հետ»,- ասաց նա և տեղեկացրեց, թե ինչ լուծում է առաջարկում կառավարությունը:
«Այսօր խորհդակցություն եմ արել և տվել եմ հանձնարարական, որով մինչև սույն թվականի փետրվարի վեցը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրավորման այնպիսի կարգավորումներ անելը, որ սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի, այդ թվում՝ տրանսպորտային ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ»,- ասաց նա:
Բացի այդ, վարչապետն ասաց, որ կառավարությունը մարզպետարանների և սննդի անվտանգության տեսչության հետ կձևավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ, և հասցեական կֆինանսավորի:
«Կփորձենք առավել հասցեական ֆինանսավորել այն նախագծերը, որոնք սփռվածության ու հասանելիության խնդիրը լուծելու են»,- ասաց նա:
Վարչապետը նաև հավելեց, որ մինչև փետվարի վեցը պատրաստ են այլ առաջարկներ լսել, թե կառավարությունն էլ ինչ գործիքներով կարող է այս պրոցեսին աջակցել: «Որոշումներ կկայացնենք մինչև մարտի մեկը, մինչև հուլիսի մեկը կտանք ժամանակ, որ մեր հայրենակիցները իրար հետ միանան, այս գումարը վերցնեն, ներդրումը անեն, բայց հուլիսի երկուսից էլ այս թեմային չենք վերադառնալու ոչ մի պատճառաբանությամբ, որովհետև ՀՀ-ն պետք է առաջնորդվի ամենաբարձր ժանանակակից ստանդարտներով: Մենք չենք կարող ասել՝ եկեք, ցեխի մեջ շարունակենք ապրել, որովհետև այդտեղ հարմար է կամ սովորել եք ապրել»,- շեշտեց նա:














