Մի՞թե Օբամայի վարչակազմը զգուշորեն ընդունել է Հայոց ցեղասպանությունը։ Նման հարցադրում է անում Associated Press գործակալությունը։
Հոդվածում նշվում է, որ «ցեղասպանություն» բառը երկար ժամանակ տաբու էր ԱՄՆ պաշտոնական անձանց համար, այդ թվում՝ նախագահ Բարաք Օբամայի, սակայն ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը կոտրել է այդ լռությունը։
Վաշինգթոնում Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը խոսել է վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման մասին (Genocide denial against the Armenians)։
«Այս 5 բառերը կարող են առաջ բերել Թուրքիայի զայրույթը, որը կտրականապես դեմ է ցեղասպանության մասին ցանկացած հիշատակման, և որի ռազմավարական դերը՝ որպես ՆԱՏՕ–ում ԱՄՆ դաշնակցի, ստիպում է ամերիկացի պաշտոնյաներին աշխարհի անկայուն հատվածում շատ զգուշորեն վարվել մեկ դար առաջ տեղի ունեցած ջարդի մասին խոսելիս։ Այդ բառերը նաև անակնկալ էին, եթե մենք հաշվի ենք առնում Փաուերի կարգավիճակը, որն իր դասով երկրի երկրորդ դիվանագետն է, և նրա բառերը հնչել են որպես Օբամայի հասցեին քողարկված քննադատություն»,– ասված է հոդվածում։
Հոդվածում նշվում է, որ Փաուերը նախքան պաշտոնը ստանձնելը շատ էր գրում ցեղասպանությունների նկատմամաբ ԱՄՆ արձագանքի մասին։ «Պաշտոնական անձինք պատմում են, որ հետնաբեմերում Փաուերը քարոզում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:
Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոներն իր հերթին նշել է, որ ԱՄՆ քաղաքականության մեջ ոչ մի փոփոխություն չի եղել։ «Նախագահն ու մյուս բարձրաստիճան անձինք բազմիցս սգացել են և ընդունել Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի սպանության և աքսորի փաստը, ինչպես նաև հայտարարել են, որ փաստերի լիարժեք, անկեղծ ու բացահայտ ճանաչումը մեր շահերից է բխում»,– ասել էր Թոները։