Today Zaman-ը հայտնել է, որ Թուրքիան հետաձգել է Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք նախատեսված էին անցկացնել ապրիլի 24-ին:
Այս լուրին անմիջապես հաջորդեց հերքումը: Ինչո՞ւ է թուրքական մամուլը ապատեղեկատվություն տարածքում:
Ըստ Today Zaman-ի՝ միջոցառումների հետաձգման պատճառը միջազգային հանրույթի անտարբերությունն է և հրավիրյալ պետությունների ղեկավարների՝ այդ օրը Անկարա չայցելելու հանգամանքը, ինչով, ըստ թերթի, վերջիններս չեն ուզում ստվեր գցել Հայոց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների վրա:
«Գալիպոլիի միջոցառումները հետաձգվել են: Բոլոր պատրաստությունները կասեցվել են, քանի որ հիմնական հրավիրյալները մերժել են հրավերքը: Միայն հինգ երկիր է ընդունել հրավերը, և նրանք էլ բարձր մակարդակով չեն ներկայանալու»,- այս մասին թերթին հայտնել է Թուրքիայի կառավարության ինչ-որ ներկայացուցիչ:
Այն, որ լուրը հաղորդել էր անհայտ չինովնիկ, արդեն իսկ կասկածելի է: Եվ զարմանալի չէր Թուրքիայի Նախագահի և վարչապետի գրասենյակների աղբյուրների կողմից լուրի հերքումը: Հայտնում է Daily Sabah-ը:
Թե ինչու են նման հակասական լուրեր տարածվում, անհայտ է:
Պարզապես չենք կարող հաշվի չառնել այսօրվա Թուրքիայի էությունը և գործելավոճը: Ինչպես նաև չպետք է մոռանալ, որ օրեր առաջ արդեն իսկ հայտնի էր դարձել, որ Անգլիայի թագուհին և արքայազնը ևս ընդունել էին Գալիպոլիի միջոցառումներին մասնակցելու Թուրքիայի հրավերքը, և զարմանալի է՝ թե ինչու է այսօր հայտարարվում, որ բարձր մակարդակով որևէ երկիր մտադիր չէ այդ օրը այցելել Թուրքիա: Այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դժվար թե չեղյալ հայտարարեր միջոցառումները, հաշվի առնելով նման բարձր մակարդակի այցը, միայն որոշ երկրների կողմից անտարբերության արժանանալու պատճառով: