Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Իրանի հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ քաղաքներում կառուցված գազի բաշխման ցանցի պաշտոնական բացումը։ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան կատարած այցի օրը վառվել է խորհրդանշական կրակը և տրվել է գազամատակարարման մեկնարկը։
Այս մասին հայտնում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Մեղրի և Ագարակ քաղաքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագիրը հնարավոր է եղել իրականացնել Իրանի Իսլամական Հանրապետության անմիջական օժանդակության շնորհիվ։ Այդ նպատակով Իրանի կառավարությունը տրամադրել է 2 մլն դոլար դրամաշնորհ։
Իր հերթին Հայաստանի կառավարությունը ստանձնել է տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը:
Մեղրի և Ագարակ քաղաքների գազի բաշխման ցանցի կառուցման աշխատանքներն իրականացրել է իրանական «Սաներջի» ընկերությունը։
Ծրագրի շրջանակներում Մեղրիում անցկացվել են շուրջ 26,5 կմ, իսկ Ագարակում՝ 4,8 կմ երկարությամբ տարբեր ճնշման գազատարներ։ Մեղրի քաղաքի գազամատակարարումն ապահովելու նպատակով կառուցվել է ևս շուրջ 1 կմ երկարությամբ բարձր ճնշման գազատար և գազաբաշխիչ կայան, որը նախատեսված է նաև քաղաքի հարակից բնակավայրերի գազամատակարարման համար։
Մի քանի ամիս տևած աշխատանքներից հետո ծրագիրը հաջողությամբ ավարտվել է. ամբողջությամբ գազիֆիկացվել է Մեղրի քաղաքը և Ագարակի մի մասը՝ շուրջ 50 տոկոսը։