Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարարը նույնպես կողմ է ԼՂ հարցի ոչ հայանպաստ լուծմանը

9

Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնը Լեռնային Ղարաբաղի հրադադարի կնքման 20-ամյակի կապակցությամբ կոչ է արել բանակցող բոլոր կողմերին վերջնական լուծում գտնել ԼՂ հակամարտության համար։ Լիդինգթոնի խոսքով՝ չնայած հրադադարը սահմանված է, բայց իրական խաղաղությունը դեռևս նվաճված չէ։ «Դիպուկահարների կրակոցները շարունակում են հակամարտող 2 կողմերից էլ մարդկային կյանքեր խլել. երբեմն կռվող զինվորները շատ ավելի երիտասարդ են, քան ինքը՝ հրադադարը։ Մարդասիրական ճգնաժամը շարունակվում է՝ 100.000-ավոր տեղահանված մարդկանց զրկելով իրենց խնդրի կոնկրետ լուծումից։ Խաղաղություն հնարավոր կլինի միայն 2 կողմերի փոխզիջումների արդյունքում, ինչն այսօր շատ դժվար է»,- նշել է Լիդինգթոնը՝ հավելելով, որ 2 ժողովուրդները ժամանակին կարողացել են միասին խաղաղ պայմաններում գոյատևել։ Նախարարի խոսքով՝ Մեծ Բրիտանիան աջակցում է Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, որոնք շարունակում են ջանք չխնայել խաղաղության համաձայնագրի կնքման հարցում առաջընթաց արձանագրելու համար: Իսկ վերջում պաշտոնյան համաձայնվել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության հետ՝ «տարածքների վերադարձման» մասով՝ այն համարելով համաձայնության գալու անհրաժեշտ հիմնական տարր: