Մեդվեդևը պետք է հասկանա, որ եթե մենք վճարենք ինչպես Եվրոպայում, ապա ինքն էլ ստիպված է լինելու ինչ-որ բանի համար վճարել, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը:
Լուկաշենկոն նման հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ Բիշքեկում ԵՏՄ վարչապետների հավաքին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ԵՏՄ երկրներին կոչ է արել ռուսական գազի գնի հաշվարկներում «չտանջվել», եթե անդամ մի շարք երկրներ չմտնեին Միություն, գազ կգնեին եվրոպական գներով: «Այստեղ ոչ ոք ոչ ոքի ուժով չի պահում»,- շեշտել էր նա:
Լուկաշենկոն նշել է, որ Մեդվեդևի այդ հայտարարությունը զարմացրել է իրեն: «Մեզ արդեն սկսում են վախեցնել: Սա կարծես թե ակնարկ է բոլորին, որ մենք Ռուսաստանի հպատակն ենք, իբր իրենք մեզ նվեր են մատուցում,- ասել է Բելառուսի նախագահը՝ հավելելով,-Մեդվեդևը պետք է հասկանա, որ եթե մենք վճարենք ինչպես Եվրոպայում, ապա ինքն էլ ստիպված է լինելու ինչ-որ բանի համար վճարել: Եվ դրա գինն անհամեմատ ավելի է լինելու, քան գազի գինը»:
Լուկաշենկոյի խոսքով՝ եթե ԵՏՄ-ն միասնական պետություն է համարվում, ապա բոլոր երկրների մարդիկ ու ձեռնարկությունները պետք է ունենան հավասար հնարավորություններ:
«Եթե ինչ որ խելոքներ կարծում են, թե մեզ կարելի է անընդհատ ծնկի բերել… դա չի լինելու»,- ավելացրել է Լուկաշենկոն: