Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում լրտեսության վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 22-ին ձերբակալվել է Պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, Կապան քաղաքի բնակչուհի, չամուսնացած, 31-ամյա Մանե Մովսիսյանը:
Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի փոխանցմամբ` ծառայության կողմից ձեռք են բերվել «անհերքելի փաստեր, որոնք վկայում են, որ Մանե Մովսիսյանը 2012 թվականի հունվարից` մինչ զինծառայության անցնելը, համացանցի միջոցով ծանոթացել է «Օդնոկլասսնիկի», «mail.ru agent» եւ «Facebook» սոցցանցերում «S Dr», «Seryan Dervisyan», «Tigran Dervisyan» պրոֆիլներով հանդես եկող, Թուրքիայի տարածքում գործող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակցի հետ եւ վերջիններիս նամակագրական կապը շարունակվել է նաեւ Մանե Մովսիսյանի ՀՀ ՊՆ-ում ծառայության անցնելուց հետո»: «Առկա տվյալների համաձայն, Մանե Մովսիսյանն Ադրբեջանի հատուկ ծառայություններին է փոխանցել ծառայության ընթացքում իրեն հասանելի դարձած ՀՀ վերաբերյալ ռազմական բնույթի պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ», – ասված է հաղորդագրությունում:
Նույն աղբյուրի փոխանցմամբ` նմանատիպ հանցագործություն կատարելու համար Լեռնային Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել են երկու անձիք, որոնցից մեկը Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայող է: «Վերջիններս եւս համացանցի միջոցով հավաքագրվել էին վերոնշյալ պրոֆիլներով հանդես եկող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակցի կողմից եւ այժմ ԼՂՀ դատարանում նրանց հանդեպ ընթանում է դատաքննություն», – ասված է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի հաղորդագրությունում: