Թետրվարի 6-ին Բաքվում Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուին տեղեկացրել է Ժնևում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ունեցած հանդիպման մասին: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական աղբյուրները:
«Հանդիպման ընթացքում Մամեդյարովը Չավուշօղլուի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, մասնավորապես` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ժնևյան հանդիպումը»,- տեղեկացրել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը Ժնևում սկսվել է հունվարի 29-ին և ավարտվել հունվարի 30-ին: Հանդիպումն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:














