Երևանն ու Բաքուն առաջընթաց են գրանցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում: Այս մասին «Известия»-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նա, սակայն, նշել է, որ «հիասթափված է» հայկական կողմի հետ բանակցությունների վերջին փուլից, որ տեղի է ունեցել Նյու Յորքում: Մամեդյարովն ասել է, որ այդտեղ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ կրկին անդրադարձել են այդ թեմային:
«Մենք դեռ արդյունքների ենք սպասում: Վերջին անգամ մենք հանդիպել ենք մեկ ամիս առաջ՝ ԱՄՆ-ում: Ես արդեն ասել եմ, որ պետք է խոսենք ոչ թե բանակցությունների, այլ հենց հանդիպման մասին: Թեպետ իմ հայ գործընկերոջ հետ վերջին նմանատիպ հանդիպումը եղել է Նյու Յորքում՝ Մինսկի խմբի մասնակցությամբ, ես, անկեղծ ասած, փոքր-ինչ հիասթափված եմ:
Եթե մենք ցանկանում ենք առաջ շարժվել և իսկապես ցանկանում ենք այս հակամարտության քաղաքական լուծմանը հասնել, ապա պետք է սկսել իմ սիրած «սուբստանտիվ բանակցություններից», որպեսզի լինի ինչ-որ սուբստանցիա, որի հիմքի վրա էլ զրույցը կառուցվի: Այո, մենք բանակցություններ էինք վարում, բայց ինչ-որ պահի Մինսկի խմբի համանախագահներն ասացին՝ ահա, հասկանում եք, շփման գծում ռազմական գործողություններ են… Բայց հանուն օբյեկտիվության, վերջին տարիների ընթացքում՝ սկսած Պրահայից, հետո Մադրիդյան փաստաթուղթն էր, այս տարիների ընթացքում շփման գծում բավական թեժ էր և ամեն դեպքում մենք կարող էինք հարցերը լուծել, առաջ գնալ, մենք բավական լուրջ, հոդված առ հոդված բանակցություններ էինք վարում այն մասին, թե ինչպես կարելի է լուծել ընթացիկ հարցերը. առաջին հերթին պետք է պայմանավորվել, որ զինվորականները վերադառնան իրենց զորանոցներ, իսկ մարդիկ, ովքեր հեռացվել են իրենց մշտական բնակության վայրերից, վերադառնան տուն: Այդ ամենից հետո կարելի էր լուծել մնացած հարցերը: Այն ամենը, ինչ շարադրված էր Մադրիդյան փաստաթղթում 2008թ., իսկ հետո դրա վերանայված տարբերակում՝ 2010թ., ապա Կազանյան փաստաթղթում, այս ամենը մշակվում է, մշակվում, սակայն կարելի է ասել՝ միևնույն է, դա մնում է բանակցությունների հիմքում: Մենք միշտ ասում ենք համանախագահներին. մենք ոչ մի տեղ չենք փախչի, պետք է նստել և առարկայական բանակցություններ վարել Երևանի հետ՝ այն փաստաթղթի հիման վրա, որ այսօր բանակցությունների սեղանին է»,- ասել է Մամեդյարովը:











