Նոյեմբերի 12-ին շփման գծում ռազմական ուղղաթիռի խոցումը ողբերգություն էր, որից կարելի էր խուսափել: Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ի արտգործնախարարների Բազելում անցկացվող հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ֆրանսիայի եվրոպական գործերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի այսօր հրապարակած հայտարարությունում: Տեղեկացնում է Ազատություն-ը:
Հայտարարության հեղինակները վերահաստատում են իրենց նվիրվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ՝ շեշտելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ, և կոչ անելով կողմերին զերծ մնալ բռնությունից ու ակտիվորեն աշխատել երկարատև կարգավորման ուղղությամբ:
Քերրին, Լավրովը և Դեզիրը ափսոսանք են հայտնում հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում բռնությունների ահագնացման կապակցությամբ՝ ընդգծելով, որ մարտական գործողությունները այս տարվա հուլիսին և օգոստոսին պատճառ դարձան զգալի թվով զոհերի, մեծացրին լարվածությունը և խորացրին անվստահությունը կողմերի միջև:
Ի դեպ, այս եռյակը կրկին շեշտում է կողմերի մասին՝ շարունակ խուսափելով իրերն իրենց անուններով կոչել և զգուշացնել իրական ագրեսորին՝ Ադրբեջանին, որ այլևս չկրկնի անզեն օդաչուների, քնած սպայի և անմեղ մարդկանց գազանաբար սպանությունները:











