Նիդերլանդների դատարանը մեղավոր ճանաչեց հայերի նկատմամբ զանգվածային բռնության կոչով հանդես եկած Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինին: Նա թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել էր «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը:
«Մեր ներկայացուցիչը դատարանում է: Քիչ առաջ մեզ տեղեկություն հաղորդեց այն մասին, որ դատարանը բավարարել է մեղադրող կողմի պահանջը: Ավելին` դատարանը որոշել է հարկադիր աշխատանքային 120 ժամ նախապես ներկայացված 80 ժամի փոխարեն: Պայմանական բանտարկությունը նույնպես ավելի է վճռվել։ Երկուսի փոխարեն չորս շաբաթ` երկու տարի պայմանական ժամկետով։ Դատական վճռի մանրամասները կներկայացնենք ավելի ուշ: Այս պահին կարող ենք ասել, որ սա կարևոր որոշում է: Դատապարտումը նշանակում է, որ հայերի նկատմամբ զանգվածային բռնությունների կոչ անող ինչ-որ մեկն անպատիժ չի մնա»,-ասաց Մասիս Աբրահամյանը: