Ձեռնոցը միանվագ օգտագործման անհատական պաշտպանիչ միջոց է։ Այս մասին շեշտեց ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոս, բ․գ․թ․ Մերի Տեր-Ստեփանյանը կորոնավիրուսի միֆերի վերաբերյալ մասնագիտական քննարկման ընթացքում:
«Այն կրկնակի օգտագործել կատեգորիկ չի թույլատրվում։ Ձեռնոցն ալկոգելով կամ նմանատիպ մաշկային հականեխիչ նյութերով մշակման ենթակա չէ։ Ձեռնոցը կիրառելի է կարճատև ընթացքի համար՝ հպումը մաքսիմալ նվազեցնելու։ Բայց եթե կեղտոտ ձեռնոցը հպվելու է դեմքին, ապա այն կարող է դառնալ հակառակ ազդեցություն ունեցող գործիք և նպաստել վարակի տարածմանը։ Այս տեսակետից՝ ձեռնոց կրելը ստեղծում է լրացուցիչ կեղծ պաշտպանվածության զգացում, և մարդը խորշում է ձեռքերի հիգիենայից։ Վարակի տարածման առումով՝ սա լրացուցիչ ռիսկ է ավելացնում»,- ասաց համաճարակաբանը։














