ՀՐԱՏԱՊ. Սահմանադրական փոփոխությունների նախագիծն ընդունվեց. ԱԺ-ն լուծեց Հրայր Թովմասյանի և մյուսների հարցը

11
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որին կողմ քվերակեց 89 պատգամավոր։ Ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին նիստին և քվեարկությանը։ 

Իշխող խմբակցությունը դեմ քվեարկեց նախագիծը ՍԴ հաստատման ուղարկելու հարցը:

Մասնավորապես փոփոխություններով առաջարկվում է վերաշարադրել Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) և նախագահի պաշտոնավարմանը վերաբերող հոդվածը։

Առաջարկվում են հետևյալ փոփոխությունները․

1. Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված և պաշտոնավարումը դադարում է:
 
2. Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, ում պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչև այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաև մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը:

3. Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

4. Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:

Նախագծի երկրորդ ըներցումը տեղի կունենա այսօր երեկոյան, որից հետո այն կընդունվի ամբողջությամբ։