Հունիսի 25-ի քրոնիկոն. Շտապօգնության մեքենային արգելեցին քանդել պատը

15

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան ավելի մեծ թափ է առել: Օր օրի քաղաքացիների հոսքն ավելանում է: Ներկայացնում ենք ակցիայի հունիսի 25-ի քրոնիկոնը:

22:09  Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիան շարունակվում  է: Հազարավոր քաղաքացիներ շարունակում են իրենց պայքարը ընդդեմ հոսանքի գնի թանկացման: Միահամուռ գոռում են «Հայաստան»,  «Մենք ենք տերը մեր երկրի»:  Ոստիկանության զորքը շարունակում է կանգնած մնալ ճաղավանդակների ետևում:

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին իրենց պահանջները, որպեսզի  հոսանքի գինը չթանկանա,  հունիսի 23-ին բռնի ուժ կիրառած  ոստիկանները պատժվեն, և միայն այդ պարագայում նրանք կգնան տուն:

23:00 Ակցիայի մասնակիցները երգում են և պարում, հազարավոր ցուցարարներ երգում են «Գետաշենը»:

00:45 Լրագրողներին հատկացված վայրում հայտնվեց շտապօգության մեքենա, որը իջել էր Բաղրամյան պողոտայից և շրջանցել ոստիկանական զորքերն ու ճաղավանդակները: Շտապօգնությունից հայտնեցին, որ Բաղրամյան 14 շենքում հիվանդ կա և իրենց են սպասում, բայց այնտեղ հասնելու համար ակցիայի մասնակիցները պետք է քանդեին աղբամաններից բաղկացած պատը: Ակցիայի մասնակիցները մերժեցին քանդել պատը, իսկ շտապօգնության մեքենան նույն ճանապարհով  հետ գնաց:

Ի դեպ, պարզեցինք, որ այս օրերին Բաղրամյան պողոտա շտապօգնության մեքենաներ չեն մտնում, քանի որ տարածքի շտապօգնությունը արագ օգնություն է ցուցաբերում:

1:00 Բաղրամյան պողոտայի լույսերն անջատվեցին: Ակցիայի մասնակիցները բարձր սուլոցներով վանկարկում էին «Մենք ենք տերը մեր երկրի», և բոլորը միացրել էին իրենց հեռախոսների լույսերը:

02:33 Բաղրամյան պողոտայում շարունակվում է ակցիա-նստացույցը:

Գիշերը մոտ հազար քաղաքացի է գիշերել պողոտայում:

 Գիշերը խաղաղ է անցել: