Հայաստանի քաղաքացիները այժմ Ռուսաստանի քաղաքացիներին հավասարեցված աշխատանքային իրավունքներ ունեն, տեղեկացնում է Ռիա Նովոստին:
Հունվարի 2-ից ՀՀ-ն դառնալով ԵՏՄ լիիրավ անդամ հայաստանցիների համար ՌԴ-ում որոշ օրենքներ փոփոխվել են:
«Բացի ռուս-հայկական երկկողմ համաձայնագրի հիման վրա 30 օրվա ընթացքում միգրացիոն գրանցումից ազատվելուց, Հայաստանի քաղաքացիների աշխատանքային իրավունքները փաստացիորեն հավասարեցվել են Ռուսաստանի քաղաքացիների իրավունքներին։ Այսպես, գործատուներն իրավունք ունեն աշխատանքի ընդունել Հայաստանի քաղաքացիների՝ առանց հաշվի առնելու ազգային աշխատաշուկայի պաշտպանությանն ուղղված սահմանափակումները», – հայտնել են կառավարությունից։
Հայաստանի քաղաքացիներից չի պահանջվելու ՌԴ-ում աշխատելու թույլտվություն ստանալ։
ՌԴ-ում ընդունվում են նաև Հայաստանում տրված կրթության վերաբերյալ փաստաթղթերը, ընդ որում, օրենսդրությամբ հաստատված փաստաթղթերի ճանաչման ընթացակարգերի անցկացում է պահանջվում միայն մանկավարժական, բժշկական կամ դեղագործական գործունեությամբ զբաղվելու դեպքում: ՀՀ քաղաքացիներն արտասահմանյան անձնագրերով ՌԴ մուտք գործելու դեպքում ազատվում են միգրացիոն քարտը լրացնելուց, եթե նրանց գտնվելու ժամկետը չի գերազանցում 30 օրը։
Աշխատողների սոցիալական ապահովումը (բացի կենսաթոշակայինից) իրականացվում է ճիշտ նույն պայմաններով և նույն կարգով, ինչպես որ ՌԴ-ի քաղաաքացիների համար: