ՀՀ-ում սպառողները տարեկան 20 մլն դոլար վճարում են կորած գազի համար. Ն. Փաշինյան

17

ՀՀ-ում սպառողները տարեկան 20 մլն դոլար վճարում են կորած գազի համար, որը բացատրվում է տեխնոլոգիական և առևտրային կորուստներով։ Այս մասին ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության քննարկման ընթացքում հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Եթե ոչ ոք կորուստների նվազեցման համար ներդրումներ չի անում, դա նշանակում է, որ ինչ-որ մարդկանց ձեռք է տալիս, և այդ 9-10 մլն-ը գնում է ինչ-որ մեկի գրպանը»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ հանձնաժողովն այդպես էլ չի անդրադարձել սպառողների մատակարարվող գազի կալորիականությանը, իսկ սպառողի հաշվին «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից նկարներ և բույսեր գնելը Փաշինյանը որակեց որպես թալան:

Փաշինյանն անդրադարձավ նաև  «ՀայՌուսգազարդ»-ը ռուսներին 20%-ով ավելի թանկ վաճառելու մասին հայտարարություններին՝ նշելով. «Ասում ենք՝ այ ընկերներ, կա սեփականաշնորհման մասին օրենք, որտեղ նախատեսված է, թե պետական գույքը ոնց է վաճառվելու, Այվազյանն ասում է՝ գիտե՞ք, իր գնից ինչքան ավել ենք վաճառել, ի՞նչ եք շուխուր անում։ Էդ ռուսն էլ տենց փափախով թո՞ւրք էր, դուք էլ շուստրի՞։ Դա մոտավորապես նույնն ա, որ ասեք՝ մարդուն բռնել ենք փողոցում, շալվարը հանել, ծախել ենք, ու ասում ենք՝ այ ախպեր ջան, էդ շալվարը 50 դրամ արժեր, մենք 300-ով ենք ծախել։ Հա, բայց մարդը մնացել է առանց շալվար»: