ՀՀ-ն Թուրքիայի և Ադրբեջանի դեմ հա՞յց կներկայացնի Միջազգային դատարան տարածքային վեճերի շուրջ

8

ՀՀ սփյուռքի նախարարության և «Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի» կողմից կազմակերպած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի շրջանակներում ՀՀ Գլխավոր դատախազի խոսքերը տպավորիչ էին: Աղվան Հովսեփյանը նախ անդրադարձավ Ադրբեջանի ստահոդ հայտարարություններին, որ հնչում են տարբեր ամբիոններից, այնուհետև շեշտեց. «Խորհուրդ ենք տալիս ադրբեջանցիներին ծանոթանալ հնագույն պատմիչների գործերին, որոնց «Ադրբեջան» անվանումն անգամ հայտնի չէ: Բայց արդյո՞ք առավել արդյունավետ չէր լինի Ադրբեջանցիներին հիմնավորված հակընդդեմ պահանջ ներկայացնել: Այսպես, Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի պայմանագրի 3-րդ հոդվածի համաձայն Նախիջևանն անջատվել է Հայաստանից և որպես ինքնավար նահանգ հանձնվել Ադրբեջանի հովանավորությանը: Դատախազը նշեց, որ Նախիջևանը Ադրբեջանի կողմից բռնազավթվել է 1921 թ. Մոսկվայի պայմանագրով. «Մենք իրավունք ունենք այսօր հայտարարելու, որ Նախիջևանը Հայաստանի անբաժանելի մասն է, բայց բռնազավթած ` Ադրբեջանի կողմից: Անկասկած, իրավունք ունենք, բայց չգիտես ինչու լռում ենք», -հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազը: 

Այո, վերջապես ՀՀ բարձր ամբիոնից խոսվեց Նախիջևանի մասին, որն իրոք, բռնազավթվել է մեր թշնամու կողմից, բայց չմոռանանք, որ այդ նույն Նախիջևան էին մեր տղաները հասել Արցախյան ազատամարտի տարիներին, որոնք հետ քաշվեցին ՀՀ այդ ժամանակվա իշխանությունների կողմից:

Հովսեփյանը նշեց, որ հայ-թուրքական սահմանի հարցը դեռևս կարգավորված չէ, և մենք Թուրքիայի հետ նույնպես ունենք տարածքային վեճեր՝ շեշտելով, որ 1923 թ. Լոզանի պայմանագրով Կարսը չի մտել Թուրքիայի կազմի մեջ, իսկ Սևրի պայմանագիրը ուժը չի կորցրել, ըստ որի Հայաստանի կազմում են Վանը, Բիթլիսը, Էրզրումը եւ Տրապիզոնը: Եվ երկու երկրների հետ մեր ունեցած վեճերի իրավաբանական լուծման համար անհրաժեշտ է պատրաստել հայցային մի մեծ փաթեթ, համապատասխան իրավաբանական հիմնավորումներով և հանձնել այն ՄԱԿ-ի իրավական վճիռներ կայացնող հիմնական մարմնին՝ Արդարադատության միջազգային դատարանին:

Այս հայտարարությունը Թուրքիայի համար մի նոր նոտա է, որը կարող է ի վերջո Հայաստանի համար բարենպաստ ավարտ ունենալ: Եթե ՀՀ-ն վերջապես նման փաթեթ պատրաստի և ներկայացնի Միջազգային դատարան, ապա սա մի նոր քայլ կլինի Թուրքիայից մեր գրավված հողերը վերադարձնելու համար, ինչը շատերի համար անհնար է թվում: