Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ երկրների ղեկավարները որոշել են կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում պաշտպանել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը: Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության ղազախական ծառայությունը՝ հղում անելով Ակորդի գործակալությանը:
«Դուք արդեն սկսել եք հանդիպել ՀԱՊԿ երկրների ղեկավարներին: Արդեն եղել եք Բիշքեկում: Ինչպես հայտնի է, Ղրղզստանը նախագահում է ՀԱՊԿ-ում: Վստահ եմ, որ ձեր հանդիպումները լավ են անցել», – ասել է Նազարբաևը Զասի հետ հանդիպմանը:
Նազարբաևն ասել է նաև, որ Զասը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում աշխատելու բոլոր հմտություններ ու գիտելիքներն ունի: «Մենք աջակցելու ենք ձեզ», – ասել է Ղազախստանի նախագահը:
Տարօրինակ է, որ ղազախական և բելառուսական կողմից հնչող հերթական հայտարարությունը հերքվում է հայկական կողմից:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը կրկին հերքել է այս հայտարարությունը՝ նշելով. «Վերահաստատում եմ ասածս՝ դեկտեմբերի 6-ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել և չէր էլ կարող լուծվել, քանի որ ՀԱՊԿ նիստ տեղի չի ունեցել։ Նաև վերահաստատում եմ Հայաստանի դիրքորոշումը, որ հարցը պետք է լուծվի կոնսենսուսի միջոցով, ՀԱՊԿ-ի շրջանակում կայանալիք պաշտոնական հանդիպման ընթացքում»: