ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում դիտարկվում է երեք թեկնածություն. Ուշակով

23

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք գագաթաժողովի ընթացքում կքննարկեն կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը, ով կփոխարինի պաշտոնից ազատված, Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դիտարկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում երեք հնարավոր թեկնածություն. «Գագաթաժողովը սկզբում կանցկացվի նեղ կազմով: Կքննարկվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի շատ կարևոր հարցը: Հարցը քննարկվելու է փակ ռեժիմով»,-ասել է նա:

Ուշակովը նշել է, որ հայկական կողմը պնդում է մինչև 2020թ. մայիս կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչ ընտրվի, բայց դրանից զատ կան եւս երկու տարբերակներ: Ըստ այդմ, կամ մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, ով այս պահին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է, կամ այդ պաշտոնում կընտրվի Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ այբբենական կարգով Հայաստանին պետք է փոխարինի Բելառուսը: