Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ այսօր ԱԺ նիստում «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը նկատեց, որ զեկույցում ասված է՝ Հանրային հեռուստաընկերությունը հիմնականում ապահովել է քաղաքական, տնտեսական, սոցիալական խնդիրների վերաբերյալ տեսակետների ներկայացումը լրատվական թողարկումներում եւ հարցազրույցներում:
«Քաղաքական հարցազրույցի ժանրի հաղորդումներից մեկում իշխանության ներկայացուցիչները հյուրընկալվել են մոտ 42 անգամ, իսկ ընդդիմությունը՝ 4-5: Դուք կարծում եք, որ այս հարաբերակցությունն ապահովո՞ւմ է քաղաքական կարծիքի բազմազանությունը»,- հարցրեց Սամսոնյանը ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին:
«Լուրերում եղել են ռեպորտաժներ, որոնցում հակադիր կարծիք չի ներկայացվել, պարզաբանելու հնարավորություն չի տրվել, իսկ հասարակական-քաղաքական քննարկումներում կողմերի հավասարակշռությունը չի պահպանվել»,- հավելեց պատգամավորը:
Տիգրան Հակոբյանը նախ նկատեց, որ իր զեկույցը վերաբերում է նախորդ տարվան. «Չեմ բացառում, որ այս տարի վիճակն ավելի բարվոք է եղել, եթե դուք գտնում եք, որ շեղում կա: Բացի այդ, մենք չենք խոսում ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների հավասարության մասին, եւ որեւէ երկրում նման օրենսդրական պահանջ չկա: Մենք խոսում ենք կարծիքի բազմազանության մասին»:











