Հայ-ռուսական հարաբերությունների նոր փուլի մեկնարկը

29

Հուլիսի 17-ին Փանիկում ռուսասկան 102-րդ ռազմաբազայի զորավարժության հետևանքով բարձրացած աղմուկը տարբեր հնչերանգներ է ստանում:

Նախ այն, որ փանիկցիները բոլորովին անտեղյակ ռազմաբազայի կողմից զորավարժության անցկացման մասին, ականատես են լինում կրակահերթերի և տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառման հենց գյուղի մեջտեղում, ինչից սարսափահար է լինում ողջ համայնքը: Լուրը ներհայաստանյան տարբեր շրջանակներում խիստ գնահատական ստացավ բոլոր մակարդակներով: ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն անմիջապես հանդիպեց ռազմակայանի հրամանատարության հետ, ովքեր հավաստիացրին, որ այսուհետ ռազմակայանից դուրս իրականացվող միջոցառումներն ավելի զգույշ կկազմակերպեն և ներողություն խնդրեցին՝ վստահեցնելով, որ այլևս չի կրկնվի նման բան:

Հետո ՀՀ վարչապետ Նիկոտ Փաշինյանը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ՝ ասելով. 

«Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, և ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների, և սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության, և կարծում եմ, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն… Իհարկե, դեռ խնդիր կա՝ հասկանալու, թե ինչ ընթացակարգերով պետք է քննարկվի, հետաքննվի այս միջադեպը, որովհետև պետք է պայմանագրերի, ներհայաստանյան օրենսդրության հետ հարաբերությունների հարցը պարզաբանել: Ամեն դեպքում, ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են, և հույս ունեմ՝ հետագա ընթացքը արդյունավետ կլինի», – ասաց վարչապետը:

Փաստն այն է, որ արդեն որերորդ անգամ ռուսական ռազմաբազայի կողմից արձանագրվում են Հայաստանի համար վտանգ ներկայացնող միջադեպեր, որոնք, ցավոք, երբեք մանրամասն չեն քննվել և երբեք չեն բացահայտվել, չմոռանանք Պերմյակովի գործը, ով մի ողջ ընտանիքի սպանեց: 

Բայց Փաշինյանի արձագանքից հետո չուշացան ներռուսաստանյան տարբեր մակարդակի ենթատեքստային հայտարարությունները, որ Փաշինյանը պետք է «զգուշորեն արտահայտվի Ռուսաստանի մասին և առանց պարզելու սադրանք չորակի կատարվածը»: Անգամ ռուսական թերթերում Փաշինյանին քննադատող հոդվածներ են արդեն հայտնվում, որոնցում նշվում է, որ  «Նիկոլ Փաշինյանի գործողություններում առավել մտահոգիչ է դեպի Արևմուտք Հայաստանի արտաքին քաղաքականության շրջադարձը»:

Ռուսական կողմի այս արձագանքն իրականում շանտաժ է՝ ուղղված Հայաստանին, և նրանք շարունակում են նույն տոնայնությամբ խոսել մեզ հետ, ինչպես՝ նախկինում, մի բացառությամբ, որ նախկինում երբեք Հայաստանի կողմից ադեկվատ արձագանք չեն ստացել իրենց սադրանքների և շանտաժների վերաբերյալ:

Վառ օրինակ է Պերմյակովի ժամանակ հայկական կողմի պարապուրդը, երբ մերոնք բոլորովին ձեռքերը լվացին՝ թողնելով դատական գործընթացն ընթանա Ռուսաստանին հարմար ձևով: Դրան գումարած ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչների կողմից իրականացված բազմաթիվ սադրիչ գործողությունները ևս պատշաճ արձագանք չեն ստացել, ուստի Հայաստանից ինչ-որ նոր տոնայնությամբ ազդակների ստացումը տարօրինակ է ռուսական կողմի համար, և վերջինս իր ամպլուայի մեջ է, այսինքն՝ սպառնում է: Վստահաբար այս հայտարարությունը դեռ շատ ջուր կքաշի, և դեռ էլ ավելի կոշտ ելույթներ կհնչեն «մեր բարեկամ երկրից»: Չմոռանանք, որ ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթաժողովին Փաշինյանի մասնակցությունը բոլորովին Պուտինի սրտով չէր, քանզի վերջինս շարունակ պախարակվում է այդ կառույցի կողմից և ջանք չի խնայում ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ամեն կերպ իր կողմը գրավելուց, ուստի հայկական կողմի վերջին շաբաթների «ռիսկային» գործողությունները Ռուսաստանը, հավանաբար, աշխարհաքաղաքական կուրսի փոփոխություն է ընկալում: Ինչ-որ առումով հասկանալի է այս պարագայում ռուսական կողմի և՛ հոխորտանքը, և՛ վախը, չէ՞ որ Հարավային Կովկասում միայն Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, և Հայաստանը ՌԴ համար Հարավային Կովկասում ամենավստահելի հենման կետն էր, որը վերջին շրջանում, ըստ նրանց, «կասկածելի» գործունեություն է ծավալում:

Չի կարելի ժխտել մեկ հանգամանք ևս, որ իշխանափոխությունից հետո դեռևս հստակ չէ մեր արտաքին քաղաքական վեկտորը, ինչի արդյունքում ՀՀ իշխանությունների ցանկացած քայլ ոչ միայն Ռուսաստանի, այլև Միացյալ Նահանգների և Եվրոպայի խոշորացույցի տակ է. դա են վկայում վերջերս հնչած հայտարարությունները:

Ակնհայտն է նաև այն, որ Փաշինյանի կոշտ արձագանքը որևէ կերպ չպետք է փոխի իր երանգները: Սա մեզ համար ինքնիշխանության հարց է, քանզի ռուսական բազան հերթական անգամ տեռորի ենթարկեց խաղաղ բնակիչներին և չի բացառվում, որ մի օր էլ տանկերով հասնեն Երևան: Փաշինյանը չպետք է անտեսի նաև Ռուսաստանի վարած քաղաքականությունը, որի գերխնդիրը շարունակ Հայաստանին ոտնատակ տալն է՝ սեփական հարցերը լուծելու ճանապարհին:  Հենց այդ կոնտեքստում է  մեր ռազմավարական գործընկերը Ադրբեջանին շարունակ զինում, էլ չասենք, որ հայ-ադրբեջանական սահմանին հաճախ լարվածություն է առաջացնում նույն ինքը՝ Ռուսաստանը, Հայաստանին ինչ-որ զիջումների տանելու նպատակով:

Փաշինյանի հաջորդ քայլից շատ բան է կախված: