«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում 1920թ. սեպտեմբերի 20-ին «հույժ գաղտնի» մակագրված հակահայ մի թռուցիկ, որի մեջ հայ բոլշևիկների ղեկավարների կողմից կոչ է արվում ամեն գնով կազմալուծել ռազմաճակատը և նպաստել թուրքերի հաղթանակին, իբր թե Հայաստանի վրա արշավող «թուրքերն իրականում զավթիչներ չեն, այլ բարեկամներ և ազատարարներ»:
Թռուցիկը ստորև՝
«Հայաստանի կոմունիստների /բոլշևիկների/ կենտրոնական կոմիտեն հրահանգում է կուսակցության բոլոր կազմակերպություններին, թե թիկունքում, թե ռազմական գոտիներում և հատկապես Կարսի Գարնիզոն մեկնող բոլշևիկներին, անհատ զինվորների շրջանում և առանձին հավաքույթներում, եթե հնարավոր է, ինչպես նաև թռուցիկների միջոցով ծավալել լայն պրոպագանդա ընդդեմ պատերազմի, հիմնական խնդիր դարձնելով՝
1.Թուրքիան այլևս նախկին Թուրքիան չէ և Հայաստանի նկատմամբ ագրեսիվ նպատակներ չունի:
2.Քեմալական Թուրքիան Խորհրդային Ռուսաստանի դաշնակիցն է և պայքարում է իր ազգային ազատության համար ընդդեմ իմպերիալիզմի /Անգլիայի, Ֆրանսիայի, Հունաստանի/:
3.Հանրապետական Հայաստանի հաղթանակը Թուրքիայի վրա՝ կնշանակի իմպերիալիզմի ուժեղացումը Մերձավոր Արևելքում և դրանով իսկ կվտանգվի հեղափոխության հաղթանակը Անդրկովկասում, ապա նաև Արևելքի խորհրդայնացումը:
4.Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը պետք է լինի՝ արագացնել հանրապետական Հայաստանի պարտությունը, որով և կարագացվի Հայաստանի խորհրդայնացումը: Այս նպատակի համար պետք է.
1. Կազմալուծել հայկական կռվող բանակը բոլոր միջոցներով, այն է.
ա/ կազմակերպել դասալքություն և ամեն կերպ խանգարել զորահավաքին:
բ/ Ռազմաճակատներում հասկացնել զինվորներին, որպեսզի նրանք չկրակեն առաջացող թուրքական զինվորների վրա, այլ լքելով դիրքերը վերադառնան թիկունք:
գ/ Չենթարկվել սպաների հրամաններին և հարկ եղած դեպքում ոչնչացնել նրանց:
2. Այս ամենի հետ ամենաէականն է հասկացնել հանրապետական Հայաստանի զինվորներին, որ հաղթող թուրքական ասքյարը հեղափոխական ասքյար է, որը ոչ միայն իրեն թույլ չի տա որևէ գործողություն պարտված երկրի վերաբերյալ, այլև կօժանդակի աշխատավոր հայ ժողովրդին ազատվելու իմպերիալիստական գործական դաշնակցից:
3. Նորից ու նորից բացատրել, որ դաշնակցականների տիրապետությունից ազատվելով՝ Հայաստանը ընդմիշտ կկապվի Ռուսաստանի հետ:
Ծանոթություն: Գրությունը կարդալ սահմանափակ ժողովում և կարդալուց հետո անմիջապես այրել: Հայաստանի կո. Կուս. Կենտրոնական կոմիտեի անդամներ՝ Ս. Կասյան, Ս. Մռավյան, Ա. Նուրիջանյան, Շ. Ամիրխանյան, Ի. Դովլաթյան, Ա. Հովհաննիսյան»:
Փաստաթուղթը վերցված է՝ «Հայ Բոլշևիկների Հակապետական Գործունեությունը 1919-1920թթ.» աշխատությունից
«Ազատ Ձայն» լրատվականի նութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութիհիպերակտիվ հղումով: