Ապոլոնի դարեր շարունակ կորած համարվող բրոնզե արձանը գտնվել է Գազայի հատվածում։
Reuters-ի փոխանցմամբ՝ հնագույն հունական այս արձանն անմիջապես առգրավվել է ոստիկանության կողմից ու անհասանելի դարձել տեսախցիկների համար։
Տեղեկությունների համաձայն՝ Ապոլոնի արձանը գտել է տեղացի մի ձկնորս, ով 500 կգ քաշով արձանը իրականում հայտնաբերել է անցած տարվա օգոստոսին՝ ծովի հատակից։ Սակայն, անտեղյակ լինելով դրա իրական արժեքից՝ այն պարզապես տուն է տարել։ Ոստիկանությունը ձկնորսի գտածոյի մասին տեղեկանալով՝ այն առգրավել է։
Հնագետները հնարավորություն չեն ունեցել զննել արձանը, սակայն, ոստիկանության հրապարակած լուսանկարները դիտելով, նրանք եզրակացրել են, որ այն առնվազն 2.000 տարվա պատմություն ունի։
Մասնագետների կարծիքով՝ արձանն անգին է ու բացառիկ նշանակություն ունի։ Սակայն նրանք չեն հավատում ձկնորսի այն պատմությանը, որ նա արձանը հայտնաբերել է ծովի հատակից։














