Հայոց ՆԵՄԵՍԻՍԸ չի՛ ավարտվել… Ժաննա Գալստյան

124

«Ազատ Ձայն»-ը իր ընթերցողներին է ներկայացնում հարցազրույց ազգայնական Ժաննա Գալստյանի հետ, ով Ցեղասպանությունից վերապրածների ժառանգ է և վստահ է, որ Հայ Դատը գերեզմանելու միջոց է Հայության Գիտակցությունը Օրորել ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ճանաչման պատրանքով, հային իր իսկ Հայրենիքի մեջ զբոսաշրջիկ դարձնելը, եկեղեցիների ու գերեզմանոցների մեջ խունկ ծխելու ու աղոթելու հնարավորություն ընձեռելը:

Տիկի՛ն Գալստյան, Հայոց  Ցեղասպանության իրագործումից 100 տարի անցավ, բայց դեռ չգիտենք` ինչ ենք ուզում ոչ թշնամուց, ոչ էլ ինքներս մեզնից: Ինչո՞ւ:

Ասել, թե մենք չգիտենք, թե ինչ ենք ուզում, այդպես չէ։ Մենք շատ լավ էլ գիտենք մեր ուզածը. մեր ուզածը ոչ թե մեր վզին փաթաթվող «ցեղասպանություն» երևույթի ճանաչման արդյունքներն են, այլ մեր գերված Հայրենիքի վերադարձը։ Այլ բան է, թե ինչու արդեն 100 տարի է մեզ չի հաջողվում դա անել։ Պատճառները բազմաթիվ և բազմաբնույթ են։ 1965թ.-ի հզոր ընդվզումը դրա առաջին քայլերից էր, երբ ամբողջ Երևանը ձայն ձայնի տալով լցվեց փողոցները, լցվեց տարերայնորեն ու սրտի թելադրանքով, մղվեց դեպի Կոմիտասի պանթեոն՝ մեր Մեծերից կարծես հենարան փնտրելով։ Այդ ընդվզումը տվեց իր արդյունքը, որովհետև Նիկիտա Զարոբյան մեծ Հայը, իր արդվինցու արյունով ու ավյունով սատար եղավ ժողովրդի ցավոտ պահանջին։ Նրա ջանքերով հաստատվեց Եղեռնի հուշարձանի կառուցման ծրագիրը, որը նրան բերեց Հայաստանի Կուսկենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից զրկվելու իրողությանը։ Մեր ուզածը նաև ներկայացվեց ԱՍԱԼԱ-ՀԱՀԳԲ և «Ցեղասպանության արդարության մարտիկներ»-ի գործողություններով, որը սկսվեց 1973-ին ու տևեց մինչև 1997թ., այն աշխարհին հիշեցնել տվեց մեր մեծ ողբերգության իրողության մասին՝ արթնացնելով այդ կույր ու խուլ աշխարհի միտքը։ Հաստատենք, որ սրանցից հետո սկսվեց տարբեր երկրների արձագանքը՝ Հայոց Եղեռնը ճանաչել որպես Ցեղասպանություն։

Ցեղասպանության վրա ստվեր գցելու բացահայտ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, հային ու թուրքին բարեկամացնելու խորացված քայլեր են ձեռնարկվում ոչ միայն թուրքերի միջոցով, այլև գերտերությունների գրանտային ծրագրերի, ինչը, ցավոք, չափազանց վտանգավոր է, բայց հաճախ «հալած յուղի պես» մարսվում է հայ հանրույթի կողմից: Ի՞նչ անել այս երևույթի դեմ, մի՞թե պետական մակարդակով չպետք է կասեցվեին այս նախաձեռնությունները:

Աշխարհը բազմաբևեռ է, տարբեր հզորության ու շահերի բախման արդյունքում ստեղծված ակնկալիքներով։ Մենք միամտորեն կարծում ենք, որ աշխարհը պիտի մեր մասին մտածի, որովհետև այդ Աշխարհի հզորները «արդարություն» տերմինը սարքել են մատի փաթաթան ու պտտեցնում են այդ մատի շուրջը խնդիրներ ունեցող երկրներին։ Մեր ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ «եղունգ ունես, գլուխդ քորի», որը մեր դեպքում ճիշտ կհնչեր՝ «եղունգ աճեցրու, որ գլուխդ քորես»: Քանի որ աշխարհի Շահից խոսեցինք, հիշենք, որ մենք առևտրի առարկա ենք դարձել գերտերությունների ձեռքին, ովքեր մեզ պատրաստ են զսպաշապիկ հագցնել, եթե չենթարկվենք նրանց թելադրած պահանջներին: Այդ պահանջներն էլ «ով ավելի» սկզբունքով են գործում։ Մեր տարածաշրջանում Հայոց հարցով թուրքին ու ազերուն են գրգռում։ Հայոց հարցը ուժեղ խաղաքարտի պես չոքել է թուրքի բկին, ու աշխարհի ուժեղներից Թուրքիան չի կարող ազատվել, նրան թույլ չեն տա, որպեսզի միշտ կախման մեջ պահեն ու թելադրեն իրենց ուզածը։ Աշխատանք է տարվում նաև հայոց դեմ, բայց ինչպես տեսնում ենք, դեռ թղթի վրա են մնացել ամեն տեսակ չարաբաստիկ արձանագրությունները, որոնք կարող են նաև մի անպատեհ առիթով օգտագործվել մեր դեմ։ «Զսպաշապիկ» կոչվածը եռակի է գործում՝ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը միշտ լարվածության գոտում են պահվում։ Թուրքիան նույնիսկ անսահման գումարներ է խոստացել մի հանդիպման ժամանակ, որտեղ նրան լռեցրել են, որ «հայը երբեք չի ծախի իր հայրենի հողը»… Ինչ վերաբերվում է հանրությանը, ապա որոշակի հատվածի կարող են պարտադրել «հալած յուղի տեղ ընդունել» որոշ հարցեր, բայց կարծում եմ դրանք կայուն բնույթ չեն կրի։ Իհարկե, մեր իշխանությունները կարող են թելադրել ազգայինից բխող պայմաններ՝ ելնելով տարածաշրջանում ունեցած մեր խոցելի թվացող աշխարհագրական դիրքից, բայց նայած ինչ անհատականություններ են գտնվում «իշխանություն» կոչվող եզրում, որ կարողանան շահարկել մեզ ձեռնտու պայմաններ, չէ՞ որ շատերի աչքն է մեր տարածքի վրա, նրանք լավ գիտեն այդ արժեքը՝ իր բազմաթիվ դրսևորումներով։ Գրանտներից էլ ազատում չկա, գոյության կռվի մեջ, որին հասցրին մեր վայ կառավարիչները, մարդիկ ընտանիք են պահում՝ չմտածելով պարտքի ու ազգային հպարտության մասին։

Տիկի՛ն Գալստյան, դուք Ցեղասպանությունից վերապրածների ժառանգ եք, արդյո՞ք մեր երկիրն անում է բավարար քայլեր ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության առումով՝ հաշվի չառնելով վերջերս հրապարակված հռչակագիրը, որն ավելի շատ հուզական, քան իրավական փաստաթուղթ է:

Իմ հայրական և մայրական կողմը Եղեռնի վերապրածներ են՝ Կարինից ու Կարսից։ Իմ տատերը չեն պատմել իրենց ահասարսուռ տեսածների մասին, խնայել են մեզ: Պատմել են միայն իրենց հրաշք էրգրի մասին՝ մղկտալով, ու այն հարցին, թե ինչու չենք այնտեղ ապրում, խուսափողական պատասխաններ են տվել։ Միայն տարիներ անց մայրս էր սկսել տառապագին հիշել իր ապրածը ու պատմել կցկտուր դրվագներ, իսկ հայրս լռում էր… Եղեռնը վերապրածների հետ հարցազրույցների ցիկլ էր կազմակերպվել, եկան նաև մեր տուն, մայրս պատմելիս երկու անգամ գլխապտույտ ունեցավ, ու մենք դադարեցրինք զրույցը, բայց լսեցինք բաներ, որ երբեք մեզ չէր պատմել։ Երկու տարբեր ընկերությունների կողմից արված այդ ձայնագրությունները մնում են իրենց մոտ։ Մայրս ապրում էր գոռ Վրեժի զգացումով, Սողոմոն Թեհլերյանի մասին գիրքը անգիր էր արել, ձեռքերի մեջ մաշվել էր, միշտ բարձի կողքն էր պահում ու մահվան շեմին, նրա մատերի արանքից դժվարությամբ հանեցինք։ Հրճվանք էր ապրում Արցախի ազատագրումից, սպասում էր իր ծննդավայրի վերադարձին։ Երբ եղբայրս արցախյան կռվում կորցրեց իր ձախ դաստակը, նրան խաբել էին, որ մնացել է դազգահի տակ, ողբում էր. «գոնե Արցախի համար լիներ»… Ես նրան ասացի ճշմարտությունը, ձեռքերը երկինք բարձրացրեց. «փա՜ռքդ շատ, տե՛ր Աստված, Արցախի համար է»…Կարո՞ղ եք պատկերացնել մի մոր վիճակ, որի որդին հաշմվել է, բայց ինքը հպարտ է ու բնական է համարում Հայրենիքի համար եղած կորուստը։

Լինելով Ցեղասպանությունից վերապրածների ժառանգ՝ ի՞նչ եք կարծում, 100 տարի անց մի՞թե մեր հասարակությունը կարիք չունի ճանաչելու ցեղասպանության բոլոր իրագործողներին ու հովանավորներին:  Ծիծաղելի չէ՞, որ մինչ օրս հայ հասարակությունը չի տիրապետում ճշմարիտ ինֆորմացիային, և երևույթին նայում է դասագրքային մակարդակով:

Հայ հասարակության համար ճշմարիտ ինֆորմացիան շատ հարաբերական է, մեծ մասը գիտի հրահրող ու սատարող երկրներին, բայց դրանից չի մեղմանա Թուրքիայի, թուրք երևույթի նկատմամբ ատելության ու վրեժի բաժինը։ Կարևորը, որ 20 տարվա մեջ չստեղծվեց մեր կորուստների ու պահանջատիրության միասնական մի փաստաթուղթ, բոլոր միջազգային իրավական նորմերին համապատասխան, դա արվեց մի քանի անհատների կողմից մասնակիորեն ու այդ երևույթը մեզ պատիվ չի բերում, երբ ունենք հրեական Հոլոքոստի օրինակը, որը Ցեղասպանության մասնակի դրսևորում է, քանի որ պատերազմ էր ու հրեաներից հայրենիքի տարածքներ չէր բռնազավթվում, նրանք իրենց երկրից չէին օտարվում:

Ի՞նչ եք կարծում, մենք այսօր իրապե՞ս հասկանում ենք, թե ինչ է եղել 100 տարի առաջ, պատճառահետևանքային կապը որն էր, ինչո՞ւ հենց հային ցեղասպանեցին:

Թուրքը ջունգլիներից իջավ հարմար տեղանքում հայրենիք ստեղծելու համար ու քանի որ վայրենի էր, կարողացավ իր մեթոդներով տեր դառնալ քաղաքակիրթ ազգերի տարածքներին, նրանից տուժել են նաև հույները, մի ամբողջ Բյուզանդիա կոչվող երկիր: Ու պիտի շարունակեր ամրացնելու համար գրավածը, որի ճանապարհը հենց հայոց հողերն էին՝ առանց պետության… Խառնակվելով գերյալ ազգերի հետ, իրենցով անելով նրանց Մշակութային ժառանգությունը՝ գոյացրին մեծատարածք մի տերություն։ Նրան օժանդակեց Եվրոպան, մոռանալով, որ իր դուռն էլ մեկ այլ ուղտ է չոքելու՝ դեմոգրաֆիկ խախտումը, որի ձեռքն արդեն կրակն են ընկել։ Պետություն չունեցող հայության համար դժվար էր համախմբումը, չկար կենտրոնացնող կառույց, տարերային էին ինքնապաշտպանական գործողությունները, մյուս կողմից էլ ռուսական գործոնի դերն էր խիստ դատապարտելի…

Վերջին շրջանում շատ հրապարակումներ եղան, որ եթե 100-ամյակը տանուլ տանք, ապա 101 չի լինի՝ մոռանալով, որ Ցեղասպանությունը ժամկետներ չի ճանաչում: Մի՞թե փորձ է արվում 100 տարով փակել Հայոց Ցեղասպանության հարցը: Օտարի մատը խա՞ռն է այս գործում:

Ի՞նչ է նշանակում տանուլ տալ, մի՞թե այդ գործընթացը ժամկետներ ունի, երբ դիմացդ հսկա վայրենի ուժ է ու անդեմ մի աշխարհ: Թուրքիան Հայաստանի համար միշտ էլ պիտի սպառնալիք մնա, անկախ Ցեղասպանության նրա ճանաչելուց, բռնագրաված տարածքները վերադարձնելուց: Ինչո՞ւ: Որովհետեւ Թուրքիան չի փոխվում իր աշխարհակալ էությունից, նրա ախորժակը մինչև Կենտրոնական Ասիայի ու Կովկասի գրավումն է՝ Պանթուրքիզմն ու Պանիսլամիզմը նրա կայուն ծրագիրն է։ Թուրքիան միշտ Սպառնալիք պիտի մնա, եթե նույնիսկ սահմանները բանա և դիվանագիտական ու առևտրական կապեր հաստատի Հայաստանի հետ: Հայ Դատը գերեզմանելու միջոց է Հայության Գիտակցությունը Օրորել ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ճանաչման պատրանքով, կատարել դրամական որոշ հատուցումների խոստումներ, հային իր իսկ Հայրենիքի մեջ զբոսաշրջիկ դարձնել, եկեղեցիների ու գերեզմանոցների մեջ խունկ ծխելու ու աղոթելու հնարավորություն ընձեռել…

Արդյո՞ք մենք պատվով դուրս կգանք այս մեծ պատասխանատվության տակից՝ միայն համերգային ծրագրեր կազմակերպելով, նման ծաղիկ խորհրդանիշ վերցնելով:

Մենք պետք է Ամփոփ Փաստաթուղթ ներկայացնենք Աշխարհին ու Թուրքիային՝ Պահանջատիրության հստակ կետերով… Անպատիվ Գերտերությունների ու գիշատիչ Թուրքիայի դիմաց մենք ամաչելու տեղ չունենք, երբ նրանց ավելին է հայտնի Հայոց մեծ Եղեռնի մասին, քան նույնիսկ մեզ. նրանց Արխիվներում ավելի շատ են հրեշավոր փաստաթղթերն ու նկար-նկարահանումները։ Հայաստան-Թուրքիա սահմանը ոչ թե Ախուրյանն է, այլ Արևմտյան Եփրատից էլ Արևմուտք է գտնվում: ՄԵՐ ՄԻԱԿ ԳԵՐԽՆԴԻՐԸ ՀԱՅՈՑ ՀՈՂԵՐԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄՆ Է…

Թուրքիան հակընդդեմ քայլով է ներկայանում այս տարի և այս խրախճանքին միանում է նաև Մեծ Բրիտանիան թագուհու և արքայազնի մակարդակով, ինչպես նաև շատ այլ տերությունների բարձրաստիճան այրեր, այս քայլը մեզ պետք է որ սթափեցներ, ինչպես երևում է 100 տարի անց ոչինչ չի փոխվել: Բայց տեսնում ենք նույն գործելաոճը: Ինչո՞ւ: Չե՞ն հասկանում մերոնք, թե՞ այլ պատճառներ կան:

Թուրքիան պիտի որ հակընդդեմ քայլեր աներ, նա վաղուց էր պատրաստվում ու թիկունքին միշտ զգում էր իր մեծ եղբոր՝ Անգլիայի հովանավորությունը, որն արդեն ավելի բացահայտ է դարձել։ Բայց Անգլիայի թագուհի կոչվող ու անդեմ մի արքայազնի Թուրքիա գնալը ավելի լավ է, աչքով կտեսնեն ու մի՞գուցե Մարդանան…Իսկ մերոնք… այդ ե՞րբ են մերոնք ինքնուրույն եղել, այդ ե՞րբ են հպարտ ու ազգային եղել, մնացել են միշտ հոգով վասալի կարգավիճակում, մինչև Տիզբոնից հրամանը գա, ա՛յ սա է մեր գերխնդիրը։ Կոսմետիկ-ցուցադրական միջոցառումներ, հրեական ծաղկանշան, շաբլոն համերգներ…Կայուն ու հաստատուն Գոտեպնդման ո՛չ մի քայլ:

Մերօրյա Հայաստանը պատրա՞ստ է տեր կանգնելու իր հայրենի հողերի վերադարձի պահանջին, ունե՞նք համարժեք ռեսուրսներ՝ լինի դա  մտավոր,  մարդկային, թե աշխարհաքաղաքական:

Համարժեք ռեսուրսները, ինչպես նշեցի, պետք է լինեն Ամփոփ Փաստաթղթային, բոլոր իրավական Միջազգային նորմերին համապատասխան, որը կարող են ստեղծել Սփյուռքի և ՀՀ մասնագետները։ Իսկ տեր կանգնել մենք Պարտավոր ենք, թող վերադարձնեն մեր գերյալ Հայրենիքը, թե մենք ինչ կանենք, ինչպես և ինչ ռեսուրսներով՝ մեր Տան գործն է, աշխարհով սփռված մեր մտավոր մարդկային Ներուժի Պարտքը:

Դուք ի՞նչ կերպ եք տեսնում մեր պահանջատիրությունը թշնամու հանդեպ  և ինչպե՞ս կարող ենք հասնել հաջողության:

Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը բարոյական հարց է, մարդկության խղճի և բարոյականության հարցը, իսկ Հայ Դատը՝ գլխավորապես հայոց գրավյալ հողերի ազատագրության հարցն է: Թե երկիր մոլորակի վրա քանի երկիր կճանաչի հայոց Ցեղասպանությունը, ինձ չի հետաքրքրում, ՄԵՐ ՄԻԱԿ ԳԵՐԽՆԴԻՐԸ ՀԱՅՈՑ ՀՈՂԵՐԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄՆ Է: Երազում եմ Սփյուռքի և ՀՀ կատարյալ համադաշնություն Միացյալ Հայրենիքի գերակա խնդիրների շուրջը, մեր Միասնականությունը Գերխնդիր է, որից էլ կգտնվի հարցերի լուծման բանալին՝ չմոռանալով Երկաթե Շերեփի մասին… Հայոց ՆԵՄԵՍԻՍԸ  չի՛ ավարտվել…

Լիլիթ Մխիթարյան