Հայաստանում 2015-ին աղքատության մակարդակը պաշտոնական տվյալով կազմել է 29․8 տոկոս

14

2015 թ․ Հայաստանում աղքատության մակարդակը վիճակագրորեն չի փոփոխվել։ 2014 թվականի համեմատ այն նվազել է 0.2 տոկոսային կետով և կազմել 29․8 տոկոս, այսինքն՝ երկրի յուրաքանչյուր 10 բնակչից մոտ 3-ը ամսական 41 698 դրամ վերին աղքատության գիծը չի հաղթահարել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 7-ին ասաց Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան՝ ներկայացնելով «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը։

2015 թվականին Հայաստանի աղքատության մակարդակը դեռ չի նվազել 2008 թվականի աղքատության մակարդակից։ Տարբերությունը 2.2 տոկոսային կետ է, իսկ ծայրահեղ աղքատությանը`0.4 տոկոսային կետ:

Ինչպես ներկայացրեց Մարտիրոսովան, 29.8% աղքատների ընդհանուր թվաքանակի մեջ 8.4%-ը շատ աղքատ է, 2%-ը՝ ծայրահեղ աղքատ, մնացած 19.4%-ը՝ ուղղակի աղքատ։

«2015 թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 900 հազար մարդ՝ մշտական բնակչության ցուցանիշի հաշվով։ Նրանցից շատ աղքատների թվաքանակը՝ ներառյալ ծայրահեղ աղքատները` մոտ 310 հազար, այդ թվում ծայրահեղ աղքատներ ՝ 60 հազար մարդ»,- ասաց նա:

Մարտիրոսովայի խոսքով` 2015-ին աղքատության մակարդակն ըստ քաղաքային և գյուղական բնակավայրերի չնչին է՝ 29.4% և 30.4%:

Նրա տեղեկացմամբ, աղքատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Շիրակի մարզում` 45 տոկոս: