Հայաստանի տարածքում հայտնաբերվել են շուրջ 2 մլն տարվա վաղեմության քարեդարյա մարդու բնակատեղի: Փորձագետների կարծիքով այս բնակատեղին գիտությանը հայտնի ամենահինն է աշխարհում: Տեղեկացնում է Naked-science.ru կայքը:
Ուշագրավ հայտնագործության մասին խոսել է ՌԴ գիտությունների ակադեմիայի նյութական մշակույթի պատմության ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Լապաշինը:
Լապշինը նշել է, որ ստորին պալեոլիթին պատկանող բնակատեղին հայտնաբերվել է մի քարանձավի պեղումների ժամանակ: Հստակ տարածքի անունը չի նշվում:
Նշենք, որ ստորին պալեոլիթը կամ վաղ պալեոլիթը սկսվել է պլիոցենի ավարտից հետո՝ 2,5 որոշ հաշվարկներով՝ 3,3-3 միլիոն տարի առաջ: Ժամանակաշրջանը ավարտվել է 300 000 տարի առաջ, և միայն ստորինպալեոլիթյան մշակույթներից աշելյանն է, որի գտածոները հասցվում են մինչև 100 000 տարի առաջ։
Ժամանակակից մարդու նախնին՝ Homo habilis նախամարդը, սկսել է օգտագործել քարե գործիքներ։ Դրանք համեմատաբար պարզ գործիքներ էին, որոնք մշակվում էին այլ քարերի օգնությամբ։
Մարդու նախնին ապրում էր բնության հաշվին, հիմնական զբաղմունքը որսն ու հավաքչությունն էր: Հենց այդ ժամանակ էլ զարգացել է ձկնորսությունը:
Լապշինը շեշտում է, որ Հայաստանում հայտնաբերված քարեդարյա բնակատեղին վաղագույնն է աշխարհում: