Անցած տարվա ընթացքում ամենամեծ ձախողումն ուժային կառույցների նշանակումներն են եղել: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Պատգամավորի խոսքով՝ իրավապահ համակարգում արված փոփոխությունները փնթի են, մասնավորապես հեղափոխությունից հետո արված նշանակումները, Վալերի Օսիպյանին ՀՀ ոստիկանապետ նշանակելը, ով, ըստ պատգամավորի, այժմ ռուսահայ օլիգարխի թիկնապահների խմբի ղեկավարն է և ԱԱԾ տնօրենի պաշտոնում՝ Արթուր Վանեցյանի նշանակումը:
«Դո՛ւք, պարոն վարչապետ, քանիցս նշել եք, որ օլիգարխիան Հայաստանում ջախջախված է: Պիտի չհամաձայնվեմ Ձեզ հետ: Հայաստանում կա օլիգարխիա, որը շարունակում է խոշոր բիզնես արտոնություններ ստանալ Հայաստանում, կա լայն իմաստով օլիգարխիա, որը շարունակում է պահպանել տնտեսական ակտիվի մեծ մասը և շարունակում է պահպանել իր անսահման ազդեցությունը իշխանության տարբեր ճյուղերի վրա: Այս իրավիճակն ունի խորքային և համակարգային պատճառ»,- նշեց նա:
Բաբաջանյանն ընդգծեց, որ հեղափոխությունից երկու տարի անց էլ երկիրը շարունակում է ապրել նույն «սերժի մնացորդ» իրավապահ համակարգով, «սերժի» սահմանադրությամբ:











