Հայաստանում կա ընդամենը 9500 բնակարան կամ ընդհանուր բնակարանների 2,5 տոկոսը, որոնց գույքահարկը տարեկան 64.000 դրամից բարձր է լինելու: Այդ մասին ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ ներկայացնելով վիճակագրություն:
«Եթե այդ 9500-ի մեջ կլինեն բոլորը թոշակառուներ, ինչը խիստ անհավանական է, էդ դեպքում կան տարբեր մեխանիզմներ: Եթե մարդու միակ եկամուտը կենսաթոշակն է, և նա չի կարողանում գույքահարկ վճարել, ապա գումարն արգելադրվելու ենթակա չէ։ Ավագանին ունի գույքահարկի եկամուտների 10 տոկոսի չափով ֆոնդ, որով կարող է էդ շրջանակներում արտոնություններ տալ մարդկանց»։
Անդրադառնալով այն հարցին, որ կան շատ մարդիկ, որոնք իրենց բիզնեսը հիմնել են կենտրոնում՝ մեծ տարածքներ վարձակալելով, արդյո՞ք սա մեծ բեռ չի լինի նրանց համար, և անշարժ գույքի շուկայում կարո՞ղ են խնդիրներ առաջանալ, գնանկումներ տեղի ունենալ, Թունյանը նշեց.
«Ավելին ասեմ, բիզնեսի վրա սա կարող է խթանող ազդեցություն ունենալ, որովհետև եթե մարդիկ ժամանակին կոպեկներով որևէ գույք են սեփականաշնորհել ու իրենց համար դա պահելը, գույքահարկ վճարելը ոչինչ չարժեր, որովհետև գույքահարկը շատ ցածր էր, այն գործարարը սկսնակ կամ որոշակի մակարդակի հասած, որ ուզում է ինչ-որ գույք ձեռք բերել, կանգնում է լուրջ խնդրի առաջ, իրենք պարզապես այդ գույքը չեն կարողանում սեփականատիրոջից հարմար գնով գնել կամ վերցնել վարձակալության: Գույքահարկերի ավելացումն այդ չօգտագործվող գույքերի համար ստիպելու է այն մարդկանց, որոնք ունեն հնուց իրենց սեփականությունը հանդիսացող տարածքներ, կա՛մ դրանք աշխատացնել, կա՛մ վարձով տալ ու վաճառել այն մարդկանց, որոնք ցանկություն ունեն դա օգտագործելու»:














