Հայաստանն այսօրվանից դարձավ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հայաստանը հունվարի 2-ից դառնում է ԵՏՄ լիիրավ անդամ, սակայն ԵՏՄ-ի գործադիր մարմիններում կներկայանա փոքր կազմով՝ 3 անդամով, ովքեր կունենան մեկ ձայն:
ԵՏՄ-ի տարածք ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի բաշխման գործընթացում Հայաստանի մասնաբաժինը կկազմի 1.13%: Միաժամանակ Բելառուսի բաժինը կկրճատվի` 4.7%-ից 4.65%, Ղազախստանինը` 7,3%-ից մինչև 7,25%, Ռուսաստանինը` 88%-ից մինչև 86,97%:
Ծառայությունների ոլորտում Հայաստանը ԵՏՄ անդամների պայմանավորվածություններին կմիանա ընդհանուր հիմունքներով, իսկ առևտրի ոլորտում նախատեսված է աստիճանական անցում ԵՏՄ-ի միասնական մաքսային սակագնին (մինչ 2022թ.):
Մինչ 2022թ. Հայաստանը կկարողանա կիրառել ԵՏՄ-ի դրույքներից տարբեր մաքսատուրքեր մի շարք ապրանքների համար, այդ թվում` մսի և մսամթերքի: Մինչ 2020թ. հանրապետության համար կգործի առանձին սակագին որոշ կաթնամթերքի, ձվի, մեղրի, իսկ մինչ 2019-ը` մրգերի որոշ տեսակների համար:
Բացի այդ, Հայաստանը մինչ 2018-ը զրոյական մաքսատուրքեր կկիրառի բենզինի համար, իսկ միասնական մաքսային սակագնին անցում կկատարի 2020-ին: Նույն սկզբունքով կկարգավորվի նաև մաքսատուրքն օրգանական և ոչ օրգանական քիմիայի, դեղորայքային արտադրանքի, ներկերի, կենցաղային քիմիայի, կաշվի և այլ նմանատիպ արտադրանքների համար:
ԵՏՄ-ին անդամակցելու կապակցությամբ Հայաստանը բանակցություններ կսկսի Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ` իր պարտավորությունների փոփոխության վերաբերյալ: