«Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը» (SIRPI) հրապարակել է 2017 թ. զենքի համաշխարհային առևտրի վերբերյալ սեփական հետազոտությունը: Տեղեկացնում է Razm.info-ն:
Զեկույցի համաձայն, 2017թ. Հայաստանը ներկրել է 14 մլն դոլարի սպառազինություն: Հայաստանին զենքի մատակարարումների 100%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին: Իսկ նույն ժամանակահատվածում Ադրբեջանը ներկրել է 279 մլն դոլարի սպառազինություն: Ադրբեջանի զենքի խոշորագույն մատակարարն Իսրայելն է՝ 137 մլն դոլարի: 2-րդ խոշոր մատակարարը Ռուսաստանն է՝ 128 մլն դոլարի:
Ստորև կներկաայցնենք զուգահեռաբար Հայաստանի և Ադրբեջանի ձեռքբերումները:
Ըստ զեկույցի՝ Հայաստանը ներկրել է BM-9A52 «Սմերչ» ՀԿՌՀ-ներ (6 միավոր: Մատակարարվել է 2016 թ., 2017 թ. մատակարարումը շարունակվել է), Verba/SA-25 դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ (200 միավոր մատակարարվել է 2016-17 թթ.), 9M133 «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրներ:
«Վերբա-Ս» համակարգերի ձեռքբերման մասին հայկական կողմը հայտնել էր դեռևս 2017 թ. ապրիլին: Այդ ժամանակ նշվում էր, որ հայկական զինուժը նաև «Իգլա-Ս» դյուրակիր ԶՀՀ-ներ է ստացել, սակայն սա նշված զեկույցում բացակայում է: Նշենք, որ զեկույցում ոչ բոլոր զինատեսակներն են նշված:
SIPRI-ի տվյալներով՝ Ադրբեջանը 2017 թ. Ռուսաստանից ներկրել է՝ TOS-1 ծանր հրանետ (36 միավոր պատվ. է՝ 2011, որից 36 ստացել է 2013-2017թթ.), BTR-82A IFV (70 միավոր պատվ. է 2016 թ., որից 40 միավոր ստացել է 2017 թ.), 9M123/AT-15 հակատանկային հրթիռ «Քրիզանտեմա-Ս» համակարգերի համար (2017 թ. պատվիրել և ստացել է 800 միավոր), 9P157-2 «Քրիզանտեմա-Ս» հակատանկային հրթիռային համալիր (2017 թ. պատվիրել և ստացել է 24 միավոր):
Ըստ զեկույցի՝ Ադրբեջանը 2017 թ. Իսրայելից ներկրել է 137 մլն դոլարի սպառազինություն, այդ թվում՝ OPV-62 տեսակի պարեկանավեր (4 միավոր մատակարարվել է 2015-17 թթ.), Spike հակատանկային հրթիռային համալիրներ նավերի համար (215 միավոր մատակարարվել է 2014-17 թթ.), Orbiter-1K անօդաչու թռչող սարքեր, ներառյալ՝ Ադրբեջանում հավաքվող «Զարբա» անվամբ տարբերակները (40 միավոր մատակարարվել է 2016-17 թթ.), Orbiter 1K մատակարարումների վերաբերյալ տվյալներին պետք է որոշակի վերապահումով մոտենալ:
SIPRI-ի տվյալներով՝ Ադրբեջանը 2017 թ. Չեխիայից ներկրել է 3 մլն դոլարի, իսկ Սլովակիայից՝ 12 մլն դոլարի սպառազինություն: Ըստ որում՝ Չեխիայից ադրբեջանական կողմը ներկրել է 10 միավոր 122 մմ տրամաչափի RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, իսկ Սլովակիայից՝ 18 միավոր 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանայաին համակարգ:
RM-70-նների դեպքում համակարգերը նախ ուղարկվել են Իսրայել, այնուհետև՝ այդտեղից Ադրբեջան: ԻՀՀ-ների դեպքում SIPRI-ն նշում է, որ դրանք ևս երրորդ պետության միջոցով են մատակարարվել Ադրբեջանին, սակայն պետությունն «անհայտ» է:
Այսպիսով, ըստ SIPRI-ի զեկույցի, Ադրբեջանը 2017 թ. Իսրայելից, Ռուսաստանից, Սլովակիայից և Չեխիայից գնել է ընդհանուր առմամբ 279 մլն դոլարի սպառազինություն: