Հայաստանի արտաքին պարտքը կավելանա 490 մլն դոլարով

9

2019թ-ին Հայաստանի արտաքին պարտքը կավելանա 490 մլն դոլարով։ Այսպիսով, պետական պարտքը հաջորդ տարեվերջին կհատի 3,3 տրիլիոն դրամը՝ հասնելով ՀՆԱ-ի 49.8%-ի։ Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարարությունը՝ «2019թ-ի փոխառությունների ծրագիր»-ը ներկայացնելիս։

Ինչպես նշել է ՖՆ Պետպարտքի կառավարման վարչության ռազմավարության և ռիսկերի կառավարման բաժնի պետ Արթուր Համբարձումյանը, նոր վարկերից ամենամեծը նախատեսվում է ստանալ Ռուսաստանի Դաշնությունից՝ 343 մլն դոլարի չափով, երկրորդ տեղում Ասիական զարգացման բանկն է՝ 53.1 մլն դոլարով, ապա Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը՝ 50.4 մլն դոլարով, Զարգացման միջազգային ընկերակցությունը ՝ 9.7, Եվրոպական ներդրումային բանկը՝ 9.4, Գերմանական բանկը՝ 7.5, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 7.3, Ֆրանսիան՝ 3.3, Եվրասիական զարգացման բանկը՝ 3, Գյուղզարգացման միջազգային հիմնադրամը՝ 2.8, ՕՊԵԿ-ի Միջազգային Զարգացման հիմնադրամը՝ 0.2 մլն դոլարով։