Հայաստանի ազգային հերոս Ռիժկովն Արցախը հայկական հող չի համարում

16

Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովն այն հարցին, թե ինչու ՌԴ-ն կարող է չճանաչված Ղրիմի հետ լինել ԵՏՄ անդամ, իսկ Հայաստանը չի կարող Լեռնային Ղարաբաղի հետ անդամակցել այդ կառույցին, պատասխանել է, պետք չէ համեմատել Ղրիմն ու Լեռնային Ղարաբաղը. «Դուք համեմատում եք Ղրիմն ու Ղարաբաղը: Ես հասկանում եմ, որ Ղարաբաղը Հայաստանի ցավոտ թեման է, մեզ համար ևս, բայց Ղրիմի հարցում թույլ տվեք չհամաձայնել: Ղրիմը պատմականորեն ռուսական հող է, դարեր շարունակ եղել ենք մեկ տարածք, և արդյո՞ք մենք մեղավոր ենք, որ Խրուշչյովը ոչ սթափ վիճակում այն տվել է Ուկրաինային: Ղրիմի բնակիչները իրենք իրենց կամքով հանրաքվեում որոշեցին, որ կմտնեն ՌԴ կազմ, ի՞նչ պետք է անեինք մենք, ասեինք ո՞չ, մի՛ մտեք ձեր հայրենի տարածք»,– ասաց նա:

Նիկոլայ Ռիժկովի խոսքով՝ եթե ԱՄՆ-ն ուժեղ կողմ է, դա չի նշանակում, որ նա կարող է անել այն, ինչ ցանկանա։ «Եկե՛ք, սկզբում կողմնորոշվենք Ղարաբաղի կարգավիճակում ու նոր քննարկենք այդ հարցը: Այնպես որ, հենց Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվի, մենք ուրախ կլինենք նրան տեսնել ԵՏՄ կազմում: Ինչպես Ղարաբաղը ճանաչված չէ, այնպես էլ Հարավային Օսիան, Աբխազիան և մյուսները»:

Ահա և ՀՀ ազգային հերոսի պատասխանը: Պատկերացնո՞ւմ եք, ուր էր Ռուսաստան կոչվող պետությունը, երբ Արցախը Հայաստանի պատմական հողերից էր: Բայց ՀՀ ազգային հերոսը ժխտում է փաստը, նույնիսկ նեղսրտում Ղրիմ և Արցախ համեմատությունից: Իսկ ամենազավեշտալին այն է, որ նման հայտարարաությամբ Ռիժկովը հանդես է եկել ԱԺ-ում ու կրկին ոչ ոք չի հակաճառել: Հայաստանի Ազգային Ժողովը կարծես հակապետական մի կառույց լինի, որտեղ ոչ հայանպաստ և հակահայ հայտարարություններից զատ, այլ բան չենք լսում: Այդքան շատ ժամանակ չի անցել Կիսելյովյան հայտարարությունից և ահա դրան հաջորդեց Ռիժկովի ժխտողականությունը: Ցավալին այն է, որ մեղադրել Ռիժկովին Արցախը պատմական հայկական հող չհամարելու մեջ, անիմաստ է, քանզի եթե ՀՀ Ազգային Ժողովում լռելյայն են ընդունում նման հայտարարությունը, ապա այդ հայտարարություն անողը պարտավոր չէ մտածել՝ ինչ է խոսում: Ռիժկովին ժամանակին հերոսացրել են Հայաստանում, նույնիսկ նրա պատվին արձան են կանգնեցրել, բայց այսօր կարևորն այն է, որ նա չի հարգում ոչ Հայաստանին, ոչ ՀՀ իշխանություններին, ոչ իրեն շնորհված կոչումը և առավել ևս Հայաստանի և Արցախի պատմական կապը:

Երևի ժամանակն է վերջ տալ միայն բարեգործության շնորհիվ մարդկանց երկրպագելն ու ազգային հերոսի վերածելը, պետք է նախ և առաջ տեսնել, թե որքանով են այդ մարդիկ անկեղծ իրենց գործերում և մասնավորապես հայ ազգի հանդեպ: