Հայաստանը Ռուսաստանի ուրանային երազանքի զոհ. Ի՞նչ հեռահար նպատակներ ունի այս երկիրը

65

Համաշխարհային էներգետիկ ոլորտում մրցավազքը միշտ առկա է, գերտերությունները փորձում են էներգետիկ քաղաքականությամբ սողոսկել տարբեր երկրներ՝ դրանով իսկ ամրապնդելով իրենց դիրքերը տվյալ տարածաշրջանում: Այսօր Հայաստանը համարվում է ատոմային երկիր, ինչը մեր երկիրն ավելի հետաքրքիր է դարձնում արևմուտքի, Եվրոպայի ու բնականաբար Ռուսաստանի համար:  

ՀՀ ԱԷԿ-ի հարցը այսօր օդից կախված վիճակում է և հնարավոր է նաև մեզ սպառնում է ատոմակայան չունենալու մեծագույն վտանգը:

Միայն նշենք, որ  «Ռոսատոմը» հայ մասնագետների հետ համատեղ աշխատելու է Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը ևս տասը տարով երկարաձգել՝ մինչև 2026թ.։ Մեծամորի տիպի ԱԷԿ-ների շահագործման ժամկետը հնարավոր է երկարաձգել մինչև տասը տարի, այդ աշխատանքների համար պահանջվող ֆինանսական միջոցները կազմում են $100-150 մլն։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանի 2008 թ-ի հայտարարությունը, որ մինչև 2016 թիվը նոր ատոմակայան ենք ունենալու հօդս ցնդեցին:

Այս հարցին դեռևս կանդրադառնանք:

Այսօր էներգետիկ երկերները իրենց առաջ խնդիր են դրել լուծելու «խաղաղ» ատոմի խնդիրը: Մեր տարածաշրջանում Իրանն է զբաղվում ուրանի հարստացմամբ, Թուրքիան Ռուսաստանի հետ հեռահար նպատակներ ունի այս ոլորտում, իսկ ահա Հայաստանն իր ունեցած ատոմակայանի կորստի շեմին է:

Ռուսաստանի հեռահար նպատակները ուրանի շուկայում

Փորձագիտական գնահատականներով, մոտակա տարիներին հնարավոր է ուրանի մատակարարման դեֆիցիտ՝ համաշխարհային ատոմային ինդուստրիայի պահանջարկը բավարարելու համար։ Այսպես, Ղազախստանի փորձագետների 2006թ. գնահատականներով, ուրանի հումքի ընդհանուր դեֆիցիտը գլոբալ մասշտաբով կարող է աճել՝ հասնելով մինչև 16 հազար տոննա ուրանի։ Ուրանի դեֆիցիտը կհանգեցնի այդ հումքի գների աճին, որն այսօր մեկ ֆունտի համար մոտ $33 նիշի վրա է(բնական ուրանի համաշխարհային գինը հաշվարկվում է ստանդարտ անգլիական ֆունտի կշռի չափով, որը հավասար է 453,592374 գրամի)։

Երկար ժամանակ ուրանի գները համաշխարհային շուկայում որոշվում էին ոչ թե արդյունահանման ինքնարժեքով, այլ մի շարք սպառող և արտահանող երկրներում ուրանի պահուստային պաշարների առկայությամբ։

Պահուստային պաշարների սպառման հետ մեկտեղ՝ ուրանի պահանջարկը կավելանա։

Եվ ահա առաջ է գալիս  հզոր էներգաատոմային տերությունների ԱՄՆ-ի և Ռուսաստանի բախումները, այս անգամ ուրանի համաշխարհային պաշարներից օգտվելու հարցում:

Թեև Միացյալ Նահանգները էներգետիկ շուկայում ներքին, սեփական պահանջարկը բավարարելու համար որոշակիորեն կախված է ուրանի ներմուծումից և ինչպես մասնավորապես նշվում է Տնտեսական շուկաների ուսումնասիրման տեղեկատվական-վերլուծական «RNCOS» ընկերության 2008թ. նոյեմբերի զեկույցում (Market Research Report «US Nuclear Energy Outlook»), կարող է հետագայում բախվել ուրանի արտաքին հանքեր մուտք գործելու սահմանափակումների հետ, ասենք, օրինակ, Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի աճող պահանջարկի ֆոնին, այնուամենայնիվ, անհրաժեշտ է նշել, որ ուրանի համաշխարհային պաշարների նկատմամբ նրա հնարավորությունները պետք է դիտարկվեն նախընտրելի դիրքերից։ Նշենք միայն, որ ուրանի` տվյալ պահի դրությամբ հետախուզված և հաստատված խոշորագույն պաշարների 23տոկոսը գտնվում է  Ավստրալիայում, իսկ 8 տոկոսը՝ Կանադայում, և այս երկրները երաշխավոր են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համար։

Ռուսաստանը և մասամբ  Չինաստանը որոշակի դժվարություններ ունեն ուրանի հիմնական, իրենց համար արտաքին համաշխարհային հանքաշերտերից օգտվելու հարցում, ինչը ստիպում է նրանց լինել ավելի ագրեսիվ:

Դատելով Ռուսաստանի ատոմային էներգետիկայի ոլորտի պատասխանատուների հայտարարությունների երանգից` Ռուսաստանն ապահովված է ուրանի սեփական պաշարներով առաջիկա 60 տարվա կտրվածքով։ Միաժամանակ, երկրի ղեկավարությունն ընդունել է ռազմավարական որոշում` չվաճառել բնական ուրանի սեփական պաշարները համաշխարհային շուկայում:

Նման որոշման համար օբյեկտիվ հիմնավորումներ կան, որոնցից մեկը Ռուսաստանում երկարաժամկետ հեռանկարում սպասվող բնական պաշարների, այդ թվում՝ ուրանի դեֆիցիտն է։

Ռուսաստանցի փորձագետների գնահատականներով՝ Ռուսաստանը բնական պաշարների 36 հիմնական տեսակների դեֆիցիտ կունենա։ Հետագա 15 տարիների ընթացքում երկիրը կսպառի նավթի, գազի, կապարի հետախուզված պաշարները, պղնձի, մոլիբդենի, նիկելի, անագի, արծաթի, ցինկի պաշարների 75 տոկոսը, իսկ ոսկու և ադամանդի պաշարները կսպառվեն էլ ավելի արագ։ Շատ ավելի մտահոգիչ է ուրանի պաշարների հեռանկարը։

Արդեն այսօր Ռուսաստանում բնական ուրանի արտադրությունը կազմում է պահանջարկի մոտ 20 տոկոսը։ Առայժմ դեֆիցիտը ծածկվում է դեռևս խորհրդային շրջանում կուտակված պահուստային պաշարների հաշվին։

Մինչև 2010թ. կպահանջվի ավելացնել բնական ուրանի արտադրությունը՝ արտասահմանից գնվող տարեկան մինչև 7,5 հազ. տոննա ծավալներին զուգընթաց, իսկ 2020թ. այդ աճը պիտի հասնի 14-15 հազ. տոննայի։


Ռուսաստանի ամբիցիաները Մաքսային Միության մակարդակով

 

Ինչպես տեսնում ենք, Ռուսաստանն ի տարբերություն Հայաստանի՝ իր պաշարների և անվտանգության հարցն ապահովելու մասին մտածում է ոչ թե վերջին պահին, այլ տասնամյակներ առաջ: Եվ ահա այս խնդրի լուծման լավագույն միջոց կարող էր հանդիսանալ Մաքսային Միությունը, որն իր մեջ կներառեր այն բոլոր երկրները, որոնցով Ռուսաստանը կապահովեր իր էներգետիկ քաղաքական և անվտանգությունը, ինչպես նաև հսկայական գերշահույթներ:


Ինչո՞ւ էր Ռուսաստանը ճնշում Ղազախստանին Մաքսային Միություն մտնելու հարցում

Ռուսաստանի և Չինաստանի էներգետիկ հավակնությունների բավարարման և նախագծման ոլորտում ներկայում ընթացող պայքարում տեղ գտած փոքր-ինչ քողարկված, սակայն գոյություն ունեցող ինտրիգը մրցակցությունն է Կենտրոնական Ասիայի, մասնավորապես՝ Ղազախստանի ուրանի հանքերից օգտվելու խնդրում։

Ռուսաստանի համար Ղազախստանի ներկայությունը Մաքսային Միության կազմում ավելի քան կարևորվում է՝ ըստ այդմ ոչ միայն նրա նավթային պաշարների, այլև ուրանի հսկայական ծավալների համար: (http://www.prime-tass.ru/news/show.asp?id=636667&ct=news)

Սակայն ի դեմս Ռուսաստանի՝ 2008թ. նոյեմբերին «Ղազատոմարդ» ազգային ընկերությունն ատոմային էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության համաձայնագրեր ստորագրեց չինական «China Guandong Nuclear Power Company» (CGNPC) և «China National Nuclear Corporation» (CNNC) ընկերությունների հետ։ Համաձայնագրերը նախատեսում են հանքերի համատեղ շահագործում Ղազախստանի տարածքում, ուրանի երկարաժամկետ մատակարարում Չինաստանին, չինական ատոմակայանների համար վառելիքի արտադրություն:

Չինաստանի՝ ուրանի հաստատված պաշարները գնահատվում են համաշխարհային պաշարների 1,5 տոկոսից էլ պակաս, սեփական արդյունահանումը 2007թ. կազմել է 870 տոննա և բավարարել է երկրի ընթացիկ պահանջարկի միայն կեսը։

Հավելենք, որ ուրանի համաշխարհային հետախուզված պաշարների 19, իսկ արտասահմանյան գնահատականներով՝ 15 տոկոսը Ղազախսատնում է, և այս երկիրը մտնում է ուրանի արդյունահանման համաշխարհային առաջատարների եռյակի մեջ։ Բայց Ռուսաստանը թույլ չի տալիս, որ Ղազախստանը շունչ քաշի, քանի որ այնտեղ առկա է միայն միջուկային-վառելիքային ցիկլի տեխնոլոգիական շղթայի մի մասը։ Դա բնական ուրանի արդյունահանումն է, առաջնային մաքրումը և վառելիքային հաբերի արտադրությունը։ Վառելիքային ցիկլի մնացած բոլոր օղակները գտնվում են Ռուսաստանի տարածքում։

Ղազախստանը մինչ 2008թ-ը փորձում էր նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից, բայց ռուսական ճնշումներին չդիմանալով՝ 2010թվին մաքսային միություն մտնելով կարծես թե թողնում է Ռուսաստանից ազատվելու իր բոլոր հնարավորությունները:

Այսօր, ինչպես տեսնում ենք, Ռուսաստանի ատոմային էներգետիկայի զարգացման կարևոր խնդիրը ուրանով ապահովումն է։

Բայց այս երկրի ամբիցիաները սահմաններ չունեն. Ռուսաստանը առաջիկայում պատրաստ է ուրան արդյունահանել նաև ամբողջ աշխարհում։ Բայց ինչի՞ և ո՞ւմ հաշվին:

 

Ռուսական ուրանի երազանքը հայաստանյան ափերում

Եվ ահա Ռուսաստանը, որը մեծ հույսեր է կապում համաշխարհային շուկայում ատոմային գերտերություն դառնալու հարցում, ով իր ենթակայության տակ ունի համաշխարհային ատոմի 19 տոկոսը՝ ի դեմս Ղազախստանի, պետք է այդ տոկոսների ավելացման հարցում դիմեր նաև այլ մեթոդների: Իսկ այստեղ հերթը հասնում է Հայաստանին:

Ինչպես արդեն վերևում նշեցինք, Հայաստանի Մեծամորի ատոմակայանի շահագործման երկարաձգումը ապահովվում է ռուսական միջոցներով: Գաղտնիք չէ, որ հայկական էներգետիկ ռեսուրսներն ամբողջությամբ ռուսական վերահսկողության տակ են: Մասնավորապես 2003-2012 թթ. ատոմակայանի հավատարմագրային կառավարումը գույք պարտքի դիմաց գործարքի արդյունքում հանձնվել էր ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը: 2011-ին այս ընկերությունը հայտարարեց, թե տնտեսապես շահավետ չէ ատոմակայանի կառավարումն իրականացնելը առկա պայմաններով և դիմեց ՀՀ կառավարությանը` ժամկետից շուտ լուծարելու կնքված պայմանագիրը, ինչը և տեղի ունեցավ 2012-ի մարտին: Բայց կարծես մեր էներգետիկ համակարգը դարձել է գերտերությունների մրցակցության առարկա: Նույն 2012թ-ին Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ: Այն գրեթե ամբողջությամբ վերաբերում է Մեծամորի ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Սրանով հաստատվեց, որ ատոմակայանը դեռևս պետք է շահագործվի մինչև 2023 թ., մինչ այդ Մեծամորում կկառուցվի միջազգային ժամանակակից չափանիշներին համապատասխանող ատոմային նոր էներգաբլոկը:

ԱՄՆ-ն Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության ապահովմամբ` ըստ էության փորձեց փոխարինել Ռուսաստանին, գրավել Ռուսաստանի ձեռքից գնացածը՝ Հայաստանի համար ստրատեգիական նշանակության այս օբյեկտը ռուսներից ազատելու նպատակով, իսկ ավելի լայն իմաստով`Հայաստանի էներգետիկ ռեսուրսների նկատմամբ ռուսական գրեթե բացարձակ ազդեցությունը նկատելիորեն թուլացնելու համար: Ինչն այսօր էլ ԱՄՆ-ի համար առաջնային է: Բայց նախագահ Սարգսյանի խոստումները հօդս ցնդեցին, Մեծամորը դեռ տասյակ տարուց ավելի էլ կշահագործվի, իսկ ամերիկյան կողմը մի կողմ քաշվեց՝ կրկին այդ տարածքը թողնելով ռուսական կողմին: Փոխվեցին նաև ամերիկյան կողմի հետ կնքված բոլոր պայմանները: Միայն շեշտենք, որ  1060 ՄՎտ դրվածքային հզորությամբ միջուկային նոր էներգաբլոկի կառուցման համար կպահանջվի $5,2-$7,2 մլրդ, բուն շինաշախատանքների համար՝ 5-7 տարի։ Կառուցման ժամկետն առաջին հերթին կապված է ֆինանսավորման աղբյուրներից։ Ներկայում միայն Ռուսաստանն է պատրաստ ներդրում կատարել Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման ծրագրում, ընդ որում՝ միջուկային ռեակտորի տեսքով։ 2013թ-ին  ռուսական «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն Երևանում հայտարարեց, որ ռուսական կողմը կարող է մինչև 50% մասնակցություն ունենալ նոր էներգաբլոկի ներդրումներում:

Ինչևէ, Ռուսաստանը նույնիսկ Մեծամորով չսահմանափակվեց և ինչպես վերևում նշեցինք, նա արդեն իսկ ունի ուրանի պաշարների պակաս և այն փորձեց  լուծել Հայաստանի հաշվին:

2008թ. Դեկտեմբերին  ռուս-հայկական պայմանավորվածությունների շրջանակներում կազմավորվեց  «Հայ-ռուսական լեռնա-հանքային ընկերություն» ՓԲԸ-ն, որը մտադիր էր մշակել Հայաստանի տարածքում ուրանի և այլ օգտակար հանածոների հանքախուզական աշխատանքների նախագիծը։ Աշխատանքները սկսվեցին, որոնողական, գնահատման և հանքախուզական աշխատանքներ տարվել են Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի տարածքում: Բնակչության բուռն արձագանքը կանգնեցնելու նպատակով 2011թ-ին ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հայտարարեց, որ իբր այս ընկերությունն իր հետախուզական աշխատանքներն ավարտել է և տվյալ տարածքում ուրանի հանքաքար չի հայտնաբերվել: Իրականում ռուսական ընկերության կայքում նշված քարտեզում մատնանշված է նաև Հայաստանը, որում ոչ մի նշում չկա տվյալ տարածաշրջանում հանքանյութի բացակայության մասին, շեշտվում է, որ տվյալ երկիրը հեռանկարային է այս ոլորտում: (http://www.armz.ru/companies/map/)

Պարզելու համար, թե այսօր իրականում դադարեցված են որոնողահետազոտական աշխատանքները ուրանի գծով, խոսեցինք Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի հետ, ով նշեց, որ ուրանի հանքախուզական աշխատանքների շարունակման հետ կապված ներկայումս տվյալ չունի, սակայն հավելեց, որ այս գործարքը մասնավոր է և հնարավոր է նաև աշխատանքներ իրականացվեն, որի մասին ոչ ոք էլ չի իմանա՝ հավելելով, որ Հայաստանը տրիլիոն դոլարների վնաս է կրում, տեղական ինչ-որ կառավարչի գրպան մեկ դրամ շահույթ մտնելու համար:

Կապվեցինք նաև Լեռնաձոր գյուղի գյուղապետ Ստեփան Պետրոսյանի հետ՝ անմիջապես տեղանքից տեղեկատվություն ստանալու համար, թե արդյոք ուրանի որոնողական աշխատանքներ տարվում են, թե ոչ: Ի դեպ, Պետրոսյանը չցանկացավ ոչ մի հարց լսել:

Միայն կարելի է եզրակացնել, որ 2009-2010թթ. ուրանի հանքաքարի որոնողական աշխատանքներ էին ընդամենը ընթանում Լեռնաձոր գյուղում, իսկ քանի որ ռուսական կողմը պաշտոնապես չի հերքել ուրանի առկայությունը Հայաստանում, ապա վերջիններս գործը կարող են նաև առանց մեծ աղմուկ բարձրացնելու առաջ տանել, և նրանց ոչ ոք չի կարող կանգնեցնել, քանզի այստեղ միլիարդավոր դոլարների հարց է լուծվում: Սեղանին է դրված ռուսական հերթական եղբայրական ամբիցիան Հայաստանի հաշվին: Ի դեպ, բոլորս է հայտնի ուրանի վտանգավոր ազդեցությունը միջավայրի և հատկապես մարկային կյանքերի վրա, սակայն կողմերն անգամ այս հարցում են ստում՝ շեշտելով, որ ուրանի հանքաքարը չունի նման հատկանիշները, ինչը բացարձակ սուտ է: Ամենուր կարելի է կարդալ  ուրանի հանքաքարի և նրա վերամշակման արդյունքում դրա վտանգավոր հետևանքների և ազդեցության մասին: 

 

Ռազմավարական գործընկեր Ռուսաստանի քայլն ընդդեմ Հայաստանի անվտանգության

Ռուսական երկարամտության մյուս հանգամանքն  այն է, որ Հայաստանի հետ ուրանի համատեղ արդյունահանումը Ռուսաստանին հնարավորություն է տալիս Թուրքիայի հետ այս ոլորտում խաղի մեջ մտնելու: Միայն նշենք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը 2009թ.  ստորագրել է Թուրքիայի հետ միջուկային համագործակցության համաձայնագիր, որը կխթանի 2 երկրների միջև էներգետիկ նախագծերի իրականացումը: 

Համաձայնությունը ձեռք էր բերվել 2009 թ օգոստոսին վարչապետ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարած այցի արդյունքում: Ռուսաստանը և Թուրքիան ստորագրել են 20 մլրդ դոլարի համաձայնագիր, ըստ որի, Ռուսաստանը Թուրքիային օգնելու է կառուցել իր առաջին ատոմակայանը: Թուրքիայի Ատոմային էներգիայի գործակալությունը դրական է գնահատել առաջին ազգային ատոմակայանի շինարարության նախագծի տեխնիկական հիմնավորումը, որին մասնակցում է ռուս-թուրքական կոնսորցիումը, որի կազմում են «Ատոմշինէքսպորտ», «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» և թուրքական «Պարկ Թեքնիկ» ընկերությունները: Ի դեպ, «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը հենց այն նույն ընկերությունն է, որը նաև ապահովում է Մեծամորի անվտանգությունը:

Հեռանկարում երկրորդ ատոմակայանը կարող է կառուցվել սևծովյան Սինոպ գավառում:

Եվ ինչ, պարզվում է՝ ուրանի պաշարները Հայաստանում միտված են մեր թշնամական Թուրքիայի հեռանկարային պահանջարկի բավարարման համար:

Այսինքն, եթե Թուրքիայում էլ կառուցվի ատոմակայն, այս տարածաշրջանը պայթյունավտանգ է դառնում Արևմուտքի համար: Իսկ եթե ռուսական կողմը կառուցի Թուրքիայի ատոմակայանը, ապա ԱՄՆ-ն և ԵՄ-ն, իրոք, մտածելու բան ունեն՝ չնայած որ Թուրքիային բոլոր այս երկրները թույլ են տալիս երկդիմի քաղաքականություն վարել:

Մյուս կողմից էլ մեր դարավոր բարեկամ Ռուսաստանը հերթական անգամ Հայաստանի հաշվին մեր թշնամի երկրների հետ բարեկամություն է անում: Այս անգամ էլ ավելի վտանգավոր գործարքի ձևով:

Ռուսաստանն իր միջուկային հավակնություններով համաշխարհային գերտերությունների կողքին դառնում է կարևոր դերակատար. նախ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներին էներգետիկ առումով շրջափակել է, և ապա մտադիր է այդ նույն տարածաշրջանների երկրների ընդերքը շահագործելով դառնալ ուրանի համաշխարհային շուկայի մատակարար, և ոչ միայն: Միայն նշենք, որ Հայաստանի տարբեր մարզերում ռուսաստանյան ընկերությունները շուրջ 13 հանքավայր են շահագործում:

Հենց այս խնդիրն է փորձում լուծել Ռուսաստանը տարածաշրջանը շրջափակելով: Նախ Հայաստանը դարձնում է իր ռազմաբազա, հետո ատոմային կայան, այնուհետև ուրանի աղբյուր: Ռուսաստանը աջակցում է նաև Իրանին ուրանի հարստացման հարցում, և այնուհետև Թուրքիային ատոմակայան ունենալու գործում: Էլ ինչպես թույլ կտար Ռուսաստանը ԱՄՆ-ին կամ ԵՄ-ին իրենց ասոցացումներով մուտք գործեին տարածաշրջան՝ փորձելով ամրապնդվել:

ԵՄ-ն իր ասոցացման պայմանագրերով փորձում էր Վրաստանին, Հայաստանին, Ուկրաինային, Ղազախստանին, Բելառուսին ու Ադրբեջանին մտցնել իր վերահսկողության դաշտ, ինչը ստացվեց միայն Վրաստանի, մասամբ նաև Ադրբեջանի առումով: Մնացյալ երկները ճնշման տակ  մնացին ռուսական ազդեցության գոտում՝ փորձելով բավարարել Ռուսաստանի հանքային ու նավթային սովը, էներգետիկ ու ռազմավարական խնդիրները:

Այսպիսով՝ հարավկովկասյան տարածաշրջանում և նրա շուրջ ձևավորվել է որակապես այլ իրավիճակ, որը ձեռնտու չէ Արևմուտքին: Ըստ այդմ՝  հարկ է նշել, որ ԱՄՆ-ն, չնայած ռուսական ագրեսիվ քաղաքականությանը, ձեռք չի քաշում տարածաշրջանից և Թուրքիայի հետ էներգետիկ առումով որոշակի հավակնություններ ունի, մինչև անգամ մտադիր է այդ երկրի տարածքում ուրանի հարստացման կենտրոն ստեղծել:

 

 Ազատ Ձայն լրատվական