Հայաստանը միջազգային հանրության զոհասեղանին է, ինչո՞ւ…

5

Հունվարի 24-ին սպասվում է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների հանդիպումը Փարիզում: Էդվարդ Նալբանդյանն իր ասուլիսի ընթացքում ընդհանրապես դեմ չարտահայտվեց Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը, այլ դիվանագիտական ոչինչ չասող նախադասություններով նորից կրկնեց այն, որ հարցը կրկին պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, եռանախագահների օգնությամբ:

Բնավ, Հայաստանում բոլորն են ուզում Արցախի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով, բայց նույն Հայաստանում ավելի լավ է բոլորս գիտակցենք ու ընդունենք, որ Արցախի հարցը լուծվել է, և մենք ազատագրել ենք մեր պատմական Արցախը թշնամուց: Եվ այսօր Նալբանդյանը գոհունակությամբ հայտնում է, որ հանդիպելու է իր գործընկերոջը, ով հայ ազգի թշնամի հանդիսացող երկրի ԱԳ ղեկավարն է, և ի տարբերություն Նալբանդյանի, շատ թշնամաբար է տրամադրված Հայաստանի հանդեպ: Ադրբեջանի ղեկավարությունը ամեն օր հակահայ քարոզչություն է իրակնացնում ոչ միայն իր երկրի ներսում, այլ դրա սահմաններից այն կողմ: Ալիևը նույնիսկ այսօր է հայտարարել, որ «Հայաստանը, իրոք, Ադրբեջանի պատմական հողն է, ուր մենք ապագայում կվերադառնանք»: Սրանք խոսքեր են, որոնք ապացույցն են այն բանի, որ այդ երկիրը չի ցանկանում խաղաղ բանակցել, նա միայն զավթողական քաղաքականության կողմնակից է: Էլ ո՞ւմ են պետք այդ անիմաստ հանդիպումները, ԵԱՀԿ Մինսկի խմբի անտարբեր կոչերը, կեղծ մոնիտորինգները, Մադրիդյան հակահայ սկզբունքները, երբ դիմացինդ ամեն օր բարձրաձայն գոչում է, որ դեմ է: Հայաստանը Արցախյան ազատամարտի տարիներին ազատագրել է մեր հողերը, ադրբեջանցին ինքն է խնդրել զինադադար, բայց այսօր կատարվում է հակառակը, մենք գնում ենք բանակցելու, բայց ինչո՞ւ: Ինչի՞ շուրջ են այսքան տարիներ բանակցում մեր արտգործնախարարները՝ Արզումանյանը, Օսկանյանը, Նալբանդյանը: Ինչի՞: Մի՞գուցե իրենք ունեն զիջելու կամ համոզվելու բաներ, միգուցե իրենք պարտադրված են բանակցելու, բայց հայը չունի ոչինչ ոչ զիջելու, ոչ էլ թշնամու հետ սեղան նստելու: Ընդամենը երկու օր առաջ ադրբեջանցիների դիվերսիային զոհ գնաց հայրենասեր մի երիտասարդ, իսկ մենք գնում ենք բանակցելու:

Պրն. Նալբանդյանն, երեկ, այսօր և անցած բոլոր տարիների ընթացքում թշնամին խախտել է հրադադարի ռեժիմը, բազմաթիվ հայորդիներ զինադադարի օրոք զոհվել են թշնամու գնդակից, ով չի ընդունում, որ այդ հողերն իրենը չեն, որ ինքը պատմություն չունի և պատահաբար հայտնվել է «Ադրբեջան» կոչվող հողատարածքում մի գրչի հարվածի շնորհիվ:

Այս կեղծ բանակցություններին պետք է վերջ դրվի: Հարկավոր է ռեալ քայլերի գնալ և կուլ չգնալ ադրբեջանցիների կոչերին և հատկապես կուլ չգնալ միջազգային հանրության կոչերին, ում համար Հայաստանի շահերը խիստ միևնույն են, յուրաքանչյուրը շարժվում է իր շահերին համընթաց՝ այդ թվում և՛ Ռուսաստանը, ով Ադրբեջանի հետ կապված տարածաշրջանում մեծ հույսեր է կապում, և ԱՄՆ-ն, և Եվրոպան: Նրանք բոլորն իրենց քաղաքական շահն ունեն, իսկ Հայաստանն այդ քաղաքային անվանակոչումներով սկզբունքներից ոչ մի շահ չունի և երբեք էլ չի ունենալու:

Ժամանակն է Ադրբեջանին իր տեղը ցույց տալու…