Հայաստանը՝ փակուղու առաջ

9

Այսօր ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դժգոհել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ընդունված հռչակագրից՝ մեկնաբանելով, որ այն միակողմանի էր, իր մեջ չէր ներառում ժողովուրդների ինքնորշման իրավունքը, և խոսվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականաթյան մասին: Մասնավորապես Նալբանդյանը նշում է, որ «ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովների ընթացքում՝ գագաթաժողովից գագաթաժողով որոշ փոփոխություններով, նաև վերջին` Ուելսի գագաթաժողովի ժամանակ այն դրույթում, որը վերաբերում է Մոլդովայում և Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը, ներառվել են ձևակերպումներ, որոնք ընդհանրացված կամ ընտրովի մոտեցում են արտահայտում, ինչը չի համապատասխանում եռանախագահների կողմից արված առաջարկներին, հնչեցված գաղափարներին և մոտեցումներին, չի համապատասխանում նաև այն բազմաթիվ հայտարարություններին և որոշումներին, որոնք ընդունվել են վերջին տարիների ընթացքում` ԵԱՀԿ շրջանակներում: Դա, իհարկե, վնաս է հասցնում բանակցային գործընթացին, վնաս է հասցնում նաև տարածաշրջանում կայունությանը և անվտանգությանը։ Դա նպաստում է նրան, որ Ադրբեջանը ավելի և ավելի է կտրվում իրականությունից, և իր ռազմատենչ հռետորաբանությամբ ու քաղաքականությամբ հակառակ է գնում հիմնախնդրի կարգավորման` միջազգային հանրության մոտեցմանը։ Ես կցանկանայի նշել, որ ընտրովի մոտեցումը սկզբունքներին հակասում է միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի կանոնադրությանը, նաև` Հելսինկյան Եզրափակիչ ակտին»:

Այն, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը ծանր կորիզ էր ՀՀ իշխանությունների կոկորդում փաստ է: Հանդիպումներ մի կառույցում, որտեղ Ռուսաստանը չկա, արդեն իսկ սահմանափակում է մեր ղեկավարության քայլերն ու գործողությունները: Մյուս կողմից էլ պարզ էր Ջոն Քերրի հետ համատեղ Սարգսյան-Ալիև  հանդիպման բուն նպատակը: Ընդամենը շաբաթներ առաջ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կազմակերպեց եռակողմ հանդիպում Սոչիում, ինչը չէր կարող մարսվել համանախագահ երկիր հանդիսացող ԱՄՆ-ի կողմից: Սա քայլ էր ցույց տալու Պուտինին, որ միայնակ չէ այս տարածաշրջանում որոշումներ կայացնում, և որ իրենք էլ կարող են հռչակագիր ընդունել, որը դուր չի գա նույն Պուտինին: Այսինքն, եթե Պուտինը Սոչիում փորձեց միայնակ ներկայանալ որպես արցախյան հիմնախնդրի լուծող, ապա արևմուտքն էլ իր ձևով փորձեց ցույց տալ իր ներկայաթյունն այս խնդրում և ընդհանրապես Հարավային Կովկասում: ՆԱՏՕ-ի գագաթաժողովն ամենահարմար առիթն էր: Այս հռչակագրի հիմնական գաղափարը Պուտին մատ անելն էր, ինչը թերևս հաջողվեց: Հետաքրքիր է, որ հենց Նալբանդյանն է բողոքում այս հռչակագրի բովանդակությունից, մինչդեռ ՀՀԿ-ական որոշ վառ ներկայացուցիչներ հպարտությամբ են խոսում այս գագաթաժողովի և Սերժ Սարգսյանի տարած «հաղթանակների» մասին: Իսկ ինչո՞ւ է դժգոհ Նալբանդյանը: Մի՞գուցե Սերժ Սարգսյանի անունից խոսում է Նալբանդյանը, քանզի Սարգսյանը երկու քարի արանքում է հայտնվել և չի կարող հակադարձել ոչ ԱՄՆ-ին, ոչ էլ Ռուսաստանին և չարյաց փոքրագույնը Նալբանդյանի բերանով խոսելն է: Կամ գուցե Սարգսյանն այս կերպ փորձում է Պուտինի առաջ մեղանչել, որ դեմ է գնացել վերջինիս շահերին: Այս տեսանկյունից կարելի է շեշտել, որ մինչև վերջին պահը նախագահի նստավայրից պաշտոնապես չէին հաղորդում եռակողմ հանդիպման մասին, ինչը նույնպես շատ զարմանալի էր: Զարմանալի է նաև այն, որ մեր արտգործնախարարն ընդհանրապես սկսել է արտահայտվել, քանզի նա սովորաբար լռակյաց է, և իր փոխարեն միշտ այլ կառույցների ներկայացուցիչներ են խոսում:  Իրականում Հայաստանը գերտերությունների ձեռքի խաղալիք է դարձել,  և ով որ կողմ ցանկանում, այն ուղղությամբ էլ ներտում է մեզ: Եվ եթե այսօր ՆԱՏՕ-ի այս հռչակագիրը վնասում է մեր պետական շահերին, տարածաշրջանային անվտանգությանը, լեզու է դնում Ալիևի բերանում,  այս առումով դրսից մեղավորներ փնտրել պետք չէ, միակ մեղավորը ՀՀ իշխանություններն են Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Եվ միայն այս կամ այն ամբիոնից գեղեցիկ խոսքեր հնչեցնելը չի նշանակում տվյալ կառույցի դեմ հաղթանակ, ինչը պետք է որ հասկանա Սարգսյանը:

Հարկ է շեշտել, որ Նալբանդյանի նշած եռանախագահների գաղափարները նույնպես չեն բխում Հայաստանի շահերից, և եթե պարոն նախարարը որոշել է անկեղծանալ, լավ կլինի գոնե մեկ անգամ ազնիվ լիներ հայ ժողովրդի հանդեպ և ասեր, որ միջազգային ոչ մի կառույց Հայաստանի օգտին չի խոսում և այս տարիների ընթացքում ընդունված և ոչ մի փաստաթուղթ իր մեջ ամբողջապես չի ներառել Արցախյան հիմնահարցի լուծումը:

Մյուս զավեշտն այն է, որ Հայաստանը, չլինելով ՆԱՏՕ-ի անդամ պետություն, այդ նույն կառույցի հռչակագրի պրեսսինգի տակ է ընկնում, ինչն ինչպես ասում է Նալբանդյանը, հակասում է միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի կանոնադրությանը, նաև` Հելսինկյան Եզրափակիչ ակտին:

Ցավոք, ռուսական նկրտումներն ու ամերիկյան ու Եվրոպական պատժամիջոցներն այսօր Հայաստանն է ամենից շատ զգում իր վրա, և եթե Սերժ Սարգսյանը շարունակի այս տեմպերով, ապա Հայաստանի ինքիշխանությունը կկորցնենք: Սարգսյանը միայն իր անձնական հաճույքների մասին է մտածում, մինչ ողջ աշխարհում վերադասավորումներ են ընթանում, գերտերությունների միջև հուժկու պայքար կա, և մեր տարածաշրջանը թեժ կետերից մեկն է համարվում: Մի՞թե Սարգսյանը տեղյակ չէ այս ամենից, իսկ եթե տեղյակ է, ապա ինչո՞ւ է մեզ տանում դեպի անդունդ:

Այս ամենից դուրս գալու ելքը մեկն է. մեզ ազգային պետություն է պետք, որտեղ չեն լինի տեր-պետրոսյաններ, քոչարյաններ, սարգսյաններ, սաշիկններ ու լֆիկներ: Իսկ ազգային պետություն դառնալու համար, հարկավոր է օր առաջ հրաժարվել և՛ ՄԱԿ-ի, և՛ Մինսկի խմբի, և՛ ՆԱՏՕ-ի և մյուս միջազգային կառույցների ծառայություններից: