Համահայկական Ցանցային Տնտեսական Շուկա (Գաղափար-ծրագրի ուրվագծային ներկայացում)

21

Հայաստանում ԴՐՍԻՑ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՄԵԾԱՑՆԵԼ հնարավոր է միայն ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ։

1. Առանց արտահանման ընդլայնման, դրսից Հայաստանի ներքին շուկա ուղղված ներդրումները կա՛մ անիրական են, կա՛մ ենթադրելու են օտարների աշխարհաքաղաքական միտում՝ վերցնել մեր փոքրիկ շուկան հայրենական արտադրողներից ու այսօրվա օլիգարխիկ ներմուծողներից:

2. Կառավարության ավելորդ ծախսերը կրճատելը և չինովնիկների կողմից միջոցների յուրացումը կանխարգելելով երկրի բյուջեն քիչ թե շատ մեծացնելը, վատ չէ, սակայն բյուջեի միջոցներով կամ արտաքին վարկեր-պարտքերով երկրի տնտեսությունը կարգավորել ու թռիչքաձև զարգացնել՝ անիրական է:

3. Նույնիսկ եթե ստվերային եկամուտները օրինականացվեն ու երկրից դուրս հանելու փոխարեն դրանք ուղղվեն Հայաստանում ներդրումներ անելուն, ապա առանց արտահանման ընդլայնման տնտեսական լուրջ փոփոխություն հնարավոր չէ ակնկալել:

4. Երկրում տեղական արտադրությամբ ներմուծման փոխարինումը, եթե նույնիսկ մասամբ  հնարավոր է, ապա իրականում քիչ թե շատ մասշտաբային պոտենցիալ չունի (մեր շուկան փոքր է), և չի կարող դառնալ կամ լինել այն հենարանը, որ բնակչության ընդհանրական կենսամակարդակն ասենք կրկնակի աճ ունենա մոտակա 5-10 տարիների ընթացքում: 

5. Լեռնաարդյունաբերական հումքի կամ հարստացված հումքի արտահանումը փոխարինել վերամշակված ապրանքային արտադրությամբ ու դրա արտահանմամբ, ինչպես նաև խմելու բնական ջրի ապրանքային տեսքով արտահանման մասշտաբային կազմակերպումն ապահովելու համար անհրաժեշտ են ահռելի մեծ կապիտալ ներդրումներ, արևմտյան տեխնոլոգիաներով հագեցված գործարանների կառուցում, ժամանակային առումով երկար տարիներ և Կրեմլից քաղաքա-տնտեսական որոշումներ կայացնելու սուվերենություն:

6. Արևմտուք-Արևելք կոմունիկացիոն և ապրանքաշրջանառության տարանցիկ երկիր դառնալու համար, որի շնորհիվ երկիրի տնտեսությունը թռիչքաձև զարգանալու հնարավորություն կունենա, բնակչության կենսամակարդակը կբարձրանա, անհրաժեշտ է քաղաքա-տնտեսական որոշումներ կայացնելու սուվերենություն, Արցախի հիմնահարցի կարգավորում, «մեծ եղբորից» իրական անկախություն, որն այսօր չկա: Եվ նույնիսկ լինելու դեպքում էլ, Հայաստանի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է արտահանման ընդլայնում:

Եվ այսպիսով, միայն արտահանման  ընդլայնմամբ է հնարավոր ապահովել արտաքին արժույթային ներդրումներ, որոնք միտված կլինեն Հայաստան երկրի զարգացմանը: Սակայն, արտահանման ընդլայնման համար անհրաժեշտ է ՇՈՒԿԱ, և մեր այսօրվա հայրենական ապրանքների որակական ու գնային մրցունակություն: Ահա այս երկու կարևորագույն գործոնները ամենաբարդ լուծելի խնդիրներն են, քանի որ ողջ աշխարհը՝ նույնիսկ առաջավոր երկրները, պայքարում են շուկայի ու իրենց ապրանքների մրցունակության համար: Եվ ահա մեր պարագայում, կարծում եմ, միակ հնարավոր իրատեսական հենարանը կարող է լինել հայկական Սփյուռքը:

ՍՓՅՈՒՌՔԻ՝ որպես տնտեսական մեկ ցանցային կուռ շուկայի ձևավորումը կարող է դառնալ Հայաստանի տնտեսական զարգացման համար հենարանի սկիզբ, և որպես այդպիսին, միակ հնարավորն ու իրատեսականն է Հայաստանը տնտեսական ճահճից արագ հանելու համար:

Հայկական Սփյուռքը հզոր պոտենցիալ ուժ է, որը չի դարձել կինետիկ ուժ-կառույց, քանի որ դրա համար անհրաժեշտ են Հայաստան պետության պետական և վարչա-տնտեսական լծակները, ինչպես նաև մասշտաբային ծրագրերով գործունեության ծավալում:

Ինչպե՞ս անել

ԳԱՂԱՓԱՐԱՌԱՋԱՐԿ 1

ԱԶԳԱՅԻՆՊԵՏԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԸ ՈՐՊԵՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՊՐԱՆՔԱՆԻՇ

Ինչպես հայտնի է, որևէ ապրանքի վաճառքի համար շուկա-պահանջարկ ձևավորելիս անհրաժեշտ են թե՛ ռացիոնալ (որակ, ճանաչողություն, մրցունակ գին և այլն), թե՛ իռացիոնալ (վստահություն, գովազդ, սովորույթ, ազդեցություն, քաղաքական քարոզ և այլն) գործոնների հաշվառումը: Մասնագետի համար ակնհայտ է, որ լավ ապրանք ունենալը դեռ չի նշանակում, որ այն կունենա պահանջարկ, կունենա իր շուկան ու կլինի մրցունակ: Դրա համար անհրաժեշտ է նաև հաշվի առնել և ձևավորել իռացիոնալ գործոնները (The trade-off between rational factors like price and proximity and irrational factors such as image, appeal and trust is made very consciously).

ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿԻ ԳԱՂԱՓԱՐԸ ՀԵՏԵՎՅԱԼՆ Է՝

Ա. – Հայաստանի Հանրապետությունում արտադրվող լայն սպառման ապրանքները, որոնք դուրս են գալիս արտաքին շուկա, նախապես Հայաստան պետությունից գնում են Հայաստանի Ազգային գրանցված ապրանքանիշը (Trademark), որը այս կամ այն աշխարհամասում արդեն գրանցված է որպես միջազգային ապրանքանիշ: Ի վերջո, Հայաստանից արտահանվող լայն սպառման ապրանքները հիմնականում սպառվում են Սփյուռքում ապրող հայերի համար (կոնյակ, գինի, պահածոներ, սիրված երգչի երաժշտական սկավառակ, գիրք, պլանշետ և այլն): Եվ եթե Հայաստանի այդ ապրանքանիշն ունենա օրինակ՝ «Հայ զինվորի համար»***  պիտակ-ապրանքանիշը, որի տեղեկատվական քարոզը նախօրոք արված լինի, և հստակ ցուցվի, որ այդ գումարները բաշխվում են զինվորների ընտանիքներին, և այս գործառույթի համար նախատեսված պետական ինտերնետային կայքում հստակ նշված լինի գոյացած գումարը, այդ ֆոնդերի հավասար բաժանումը զինվորների ընտանիքներին և ստացողների հաստատումը, ապա այդ ապրանքը սփյուռքահայերի կողմից գնելու իռացիոնալ կարևորը՝ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ գործոնները, հաշվառված կլինեն:

*** Ինչո՞ւ օգտագործել հե՛նց «Հայ զինվորի համար» անվանումը կամ նմանօրինակ անվանում: Հայկական ազգային հավաքական բնազդային էության ուսումնասիրությունը ցուցում է, որ հայ մարդն իր հոգեբանությամբ հատկապես երեխայի և ինքնազոհաբերվողի համար ունի ընդգծված հոգեբանական կապվածություն ու սեր: Եվ այս պարագայում հայազգի գնորդը և հայությունն ընդհանրապես, 18-20 տարեկան իր զինվոր երեխաների համար, երբ Հայաստանը պատերազմական իրավիճակում է, ունի տիպական ընդհանրական մոտեցում՝ զգայական ընդգծված կապվածություն: Ավելին, պատերազմական իրավիճակի հոգեբանությունը ստեղծում է պաշտպանվելու և հաղթելու զգայական ՄԱԺՈՐԸ, որն աշխատում է անխափան ու ազգային հավաքական ենթագիտակցությունում ստեղծում է ազգային միասնականության հոգեբանական երևույթը:

Բ.- Հայաստանում ապրանք արտադրողը նախօրոք մեկ տարվա համար վճարում է 1000 դոլար`մեկ տեսականուն կրող արտահանվող ապրանքի համար: Եթե այդ ընկերությունն արտադրում է, օրինակ՝ քսան անուն-տեսակի գինիներ, ապա նա Հայաստանից արտահանվող ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ տեսակ-անունի համար պետք է վճարի տարեկան 1000 դոլար, և Հայաստան պետությունից ստանա այդ ապրանքանիշը օգտագործելու իրավունքը մեկ տարվա համար:

Այս մեթոդով Հայաստանում կստեղծվի յուրօրինակ լրացուցիչ ֆոնդ ու դրա շրջանառությունն իր հերթին Սփյուռքը կձևավորի որպես ցանցային միասնական շուկա:

Գործառույթները

Նախ, Հայաստան պետությունը ստեղծում է «Հայ զինվորի համար» յուրատեսակ ֆոնդ:

Երկրորդ՝ զինվորի ընտանիքը ստանում է հավելյալ եկամուտ, որը, ի վերջո, օգտագործելու է հիմնականում առաջին սպառման ապրանքներ գնելու համար, և փաստորեն Հայաստանի բնակչության մի զգալի մասի գնողունականությունը բարձրանում է:

Երրորդ՝ նման ապրանքանիշ ունեցող ապրանքների պահանջարկը սկսում է մեծանալ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ՝ արտաքին աշխարհում՝ շնորհիվ իռացիոնալ զգայական գործոնի՝ հայ զինվորի ընտանիքին սատարելու ցանկության, որը, ի վերջո, նպաստելու է այդ ապրանքի  արտադրության ընդլայմանը և ուրեմն, Հայաստանում լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը:

Չորրորդ՝ «իրավիճակայինհոգեբանական ազդեցություն» գործոնի համաձայն՝  արտերկրում սփյուռքահայերի կողմից նման ապրանքներ գնելու նախասիրության ձևավորումը, եթե այդ ապրանքը բնական-օրգանիկ է, որակով է և այլն, բերելու է նաև ազգությամբ օտար գնորդներ, որի հաշվին տեղի կունենա տվյալ ապրանքների պահանջարկի առավել ընդլայնում:

Հինգերորդ՝ հատկապես Հայաստանում սկսվում է ձևավորվել հարգանք՝  արտադրող ձեռնակատերերի՝ գործարարի նկատմամբ: Մեղմանում է աղքատի և ունևորի միջև սոցիալական անտոգոնիզմը, քանի որ վերջինս նպաստում է՝ «հոգում» է հայ զինվորի ու նրա ընտանիքի համար:

Վեցերորդ՝ «Սփյուռք-Հայաստան» կապերի մշակույթում մենք ունենում ենք նոր մոտեցում՝ տնտեսական հարթության վրա նոր մշակույթի ձևավորում:

Գ.- Հայաստանի Հնարապետության կողմից ինչպիսի՞ առավելություններ կարող են ունենալ այն արտադրող ընկերությունները, որոնք իրենց ապրանքների համար կգնեն Հայաստան պետության կողմից հաստատված միջազգային ապրանքանիշ պիտակի իրավունքը:

Դրանք կարող են լինել հետևյալները՝

ԳՈՎԱԶԴ և ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ Հայաստանի Պետական հեռուստաընկերությամբ (ներով) (անվճար), որոնք հեռարձակվում են նաև Սփյուռքում:

ՀՀ Սփյուռքի Նախարարության կողմից Սփյուռքի գաղթօջախներում տարեկան չորս անգամ կազմակերպվող «ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» անվանումով ապրանքների ցուցահանդեսներին մասնակցություն, ինչպես նաև միջազգային մեծ ցուցահանդեսների մասնակցության կազմակերպում ու սատարում:

(Սփյուռքի նախարարության կանոնակարգով փուլային աշխատանք՝ սփյուռքահայ գաղթօջախներում: Չի բացառվում, որ բազմաթիվ սփյուռքահայ գործարարներ ցուցահանդեսների համար իրենք տրամադրեն կամ վարձեն տարածքներ այդ ցուցահանդեսների կազմակերպման համար):

Սփյուռքի Նախարարության ենթակայության տակ աշխատող ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆԻ ծառայությունների տրամադրում: Այս նոր բիզնես-ծառայություն միավորը իր ցանցային գրասենյակները պետք է ունենա աշխարհի տարբեր մայրաքաղաքներում, որոնք հայրենական ապրանքանիշ ունեցող ապրանքների համար այդ երկրներում գործող առևտրական մեծ ցանցային խանութների և մանրածախ մեծ ընկերությունների հետ պայմանագրեր ձեռք բերելու ուղղությամբ աշխատանքներ կիրականացնեն:

Սփյուռքի Նախարարության կողմից կազմակերպվող սփյուռքյան մասնագետների հետ հանդիպումներ և դասընթացների կազմակերպում, որոնք կկրեն ինֆորմատիվ, ուսուցողական բնույթ:

Այն ընկերությունները, որոնք իրենց արտահանվող ապրանքների համար կգնեն Հայաստանի Հանրապետության պետական ապրանքանիշը, նրանք իրենց արտադրությունները ընդլայնելու համար դրսում գնված արտադրամիջոցների (հաստոց, տեխնոլոգիա, սարքավորումներ և այլն) համար սահմանային հարկ (մաքս)չեն վճարի:

Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը հարմար է, որ գործարկվի Հայաստանի Սփյուռքի Նախարարության կողմից: Հայաստանում արտադրված ապրանքների գրագետ արտահանումը կազմակերպելու և սույն ծրագիրը լայնամասշտաբ իրականացնելու ու կոորդինացնելու համար Սփյուռքի Նախարարությունը պետք է ձևավորի ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԲԵԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ:

Ցանկանում եմ ընդգծել նաև, որ թեկուզ ձևով ու բնույթով քիչ տարբեր, սակայն աշխարհում նմանատիպ փորձ եղել է և հիմա էլ գոյություն ունի: Բերեմ միայն երկու օրինակ՝ հրեական սփյուռքում «ԿՈՇԵՐ» ապրանքանիշի օգտագործումը, ինչպես նաև 1980-ականներին Չինաստանի կողմից ԱՄՆ-ում չինական սփյուռքի ինտենսիվ օգտագործումը իրենց ապրանքանիշերի օգտագործման մեթոդով:

 

ԳԱՂԱՓԱՐԱՌԱՋԱՐԿ  2

Սփյուռքի տնտեսական ներուժը կարելի է օգտագործել նաև հակառակ վեկտորով:

Ա.- Հայաստանում ստեղծել ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, որտեղ սփյուռքահայերը կարող են հանդես գալ որպես ներդրող բաժնետերեր: Բաժնետոմսերը կարող են լինել 100 դոլարից սկսած, և բաժնետոմսի տերեր-ներդրողները կարող են լինել ոչ միայն մեծահարուստները, այլ նաև կընդգրկվեն հարյուր հազարավոր սփյուռքահայեր, քանի որ դրանք ՊԵՏՔ Է լինեն բաց բաժնետիրական ընկերություններ (ԲԲԸ):

Բ.- Հայաստանում ստեղծել ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԶԱՄԲՅՈՒՂ միավորումներ, որտեղ մի քանի արդեն առկա արտադրական ընկերությունների բաժնետոմսերի առումով հանդես են գալիս միասնական: Եվ այս կորպորատիվ, սակայն ԲԱՑ բաժնետիրությունը, իր իսկ ընդլայնման,արտահանման ծավալների մեծացման համար, վաճառում է իր բաժնետոմսերի մի մասը, (20% to 40% stocks) որն առաջարկվում է գնել սփյուռքահայությանը:

Կարծում եմ, որ մուրող և իմաստի մեջ ինքն իրեն արդեն սպառած «Համահայկական Հիմնադրամ-Թելեթոնը» պետք է վերափոխել և օգտագործել որպես ԲԱՑ բաժնետիրական ընկերությունների ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԳՆՄԱՆ՝ ձեռք բերման միջոց: Այս ձևափոխմամբ սփյուռքում բնակվողն ինքն իրեն շատ ավելի լավ կզգա, երբ գիտակցի, որ իր «օգնությունը» նախ շոշափելի է, երկրորդ՝ ինքը բաժնետեր է, երրորդ՝ Հայաստանի տնտեսությունը կայացնելու և Հայաստանում նոր աշխատատեղեր բացելու համար է: Երբ սփյուռքահայը, գոնե, քսան դոլարի դիվիդենտ շոշափի-տեսնի իր բաժնեմասի ձեռքբերումից, նա կսկսի վստահել, հավատալ թե՛ իր ներդրումի դրական կողմը, թե՛ վստահություն կունենա, որ այդ գումարներն իսկապես աննպատակ չեն մսխվում, օգնություն են Հայաստանին, և նա հաջորդ տարի ավելի ոգևորությամբ կմասնակցի՝ կգնի, ձեռք կբերի Հայաստանում արտադրվող ապրանքների ընկերություններին պատկանող բաժնետոմսերը:

Այս ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ կարող են լինել՝

Խոշոր տնտեսական ծրագրերի շուրջ (ատոմակայանի երկրորդ բլոկ, հանքարդյուաբերական վերամշակող գործարաններ, բնական խմելու ջրի արտադրություն և առաքում Իրան, Մերձավոր Արևելքի երկրներ և այլն):

Տեղական հումքով ապրանքային արտադրություններ:

Ավանդական արհեստավորական մասնագիտացումով ապրանքների արտադրություն (գորգ, կարպետ, կոշիկ և այլն), IT ոլորտի ապարանքներ:

Արդեն վաղուց ժամանակն է հասկանալ, որ տնտեսական պայքարը պատերազմ է գոյապահպանման համար: Եվ համազգային մեծ տնտեսական ծրագրերը պետք է դիտարկել որպես ԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ծրագրեր, և դրանք իրագործել է պետք ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԱԿԱՆ հենքով: Հայաստանի տնտեսական փրկությունը ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐ է, այնպես, ինչպես Արցախյան ազգային հերոսամարտն էր: Աշխարհում նման օրինակները շատ են: Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո Գերմանիայի ու Ճապոնիայի ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԹՌԻՉՔԱՁԵՎ ՀՐԱՇՔՆԵՐԸ տեղի ունեցան նաև տնտեսական իռացիոնալի շնորհիվ՝ ԵՐԿՐԻ ՏԵՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ՝ որպես ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ծրագիր ԸՆԿԱԼԵԼՈՒ շնորհիվ:

(Շարունակելի)

Հաջորդիվ՝ «Սփյուռքի գերխնդիրը, հայկական ութ միլիոնանոց սփյուռքի կազմակերպման անհրաժեշտությունը և իրականացման ճանապարհային քարտեզը»: