Չնայած վերջին շրջանում հայ-ադրբեջանական (Արցախի ուղղությամբ) հակամարտ զորքերի շփման գծում կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածության, այդուհանդերձ հակառակորդը շարունակում է առաջնային գծի տարբեր հատվածներում ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, ինչպես նաև որոշ ուղղություններում իրականացնել ռազմավարամարտավարական նշանակության սադրիչ գործողություններ:
Այս մասին ասվում է Արցախի ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ:
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն առայժմ ձեռնպահ են մնում դիմել պատասխան քայլերի, սակայն պատրաստակամ են ադրբեջանական զինուժի կողմից դրսևորվող նման վարքագծի շարունակման դեպքում ձեռնարկել իրավիճակից բխող համարժեք գործողություններ:
Հորդորում ենք ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ շփման գծում իրավիճակը սրելու անհեռանկար գործողություններից և, գոնե, տոնական օրերին հետևել հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ կողմերի միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածության պահանջներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: