Հալեպում այս պահի դրությամբ բնակվում է մոտ 20 հազար հայ

7

Բերիո թեմի տվյալների համաձայն`Հալեպում այս պահի դրությամբ բնակվում է մոտ 20 հազար հայ: Այս մասին սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը:

Նրա խոսքով`Դամասկոսում բնակվում է 3000, Լաթաքիա, Քեսաբ ծովափնյա շրջաններում`3000-3500, Կամիշլիում`3000, մնացած բնակավայրերում`3000-4000 սիրիահայ: «Այս թվերը կայուն չեն եւ կարող են փոփոխության ենթարկվել մի շարք գործոններից ելնելով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Պապիկյանը:

Նա նշեց, որ Սիրիայի բնակչությունը մինչ պատերազմը կազմում էր 24.5 միլիոն, այժմ`17-ից  18 միլիոն: «7 միլիոնը համարվում է ներքին տեղահանված, 13.5 միլիոնը ունի մարդասիրական օգնության կարիք, որից 4.5 միլիոնը բնակվում է դժվար հասնելի վայրերում կամ շրջափակման մեջ»,-հավելեց նա: