ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ ելույթ ունենացավ՝ հիշելով անեկդոտ:
«Անկեղծ ասած՝ էս քննարկումը լսելիս ես մի անեկդոտ հիշեցի. մեկը երեկոյան վերադառնում է տուն և կնոջն ասում՝ էսօր վաճառողին խաբել եմ, փողը տվել եմ, ապրանքը չեմ վերցրել: Եկեք՝ հասկանանք, թե էս պատմության մեջ ով ում է խաբում և ինչի համար: Քննարկում եք՝ էս պարագայում պարտադիր է, կարող է՝ դեմքին չլինի, պայուսակում լինի, բա ռեստորան մտնելի՞ս: Անվերջ կարելի է իրավիճակ հնարել՝ ոնց կարելի է խուսափել պատժվելուց, միշտ կարելի է «բայց»-երի շուկայով գնալ:
Լավ, հնարավոր է շրջանցել, հիմա հարց՝ իմա՞ստը, այս պատմության մեջ ով, ում է խաբում: Կառավարությունն ինչո՞ւ է անում, որ տուգանի՞ մարդկանց, ինչի՞ համար է անում. անում է, որ էդ մարդկանց պաշտպանի: Աշխարհում 100 տոկոսանոց պատասխան չկա՝ դիմակը պաշտպանո՞ւմ է, թե՞ ոչ, ԱՀԿ-ում երկուշաբթի օրերն ասում են՝ օգնում է, երեքշաբթի ասում են՝ չի օգնում, հետո նորից չորեքշաբթի ասում են՝ չէ, ոնց-որ օգնում է, այսինքն՝ կա շանս, որ օգնում է, կրե՛ք էդ անտերը, ժողովո՛ւրդ ջան, ունեցեք մոտներդ, ասում են՝ չէ, սենց կանենք, չենք տուգանվի»:
Միրզոյանը նկատեց, որ տուգանքը սթափեցնող ազդեցություն պետք է ունենա. Մեկին խնդրելով, բացատրելով, մեկին համոզելով, մեկին տուգանելով պետք է հասնենք նրան, որ մարդիկ լուրջ վերաբերվեն էս իրավիճակին: Այո՛, դիմակների գները կապ ունեն, առաջարկ-պահանջարկի մասին պնդումները տեղին չեն, կառավարությունը պետք է կտրուկ միջոցներ ձեռք առնի դիմակի գնի սահմանաչափ սահմանելու համար»,- ասաց նա:











