Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

12

Կիպրոսի Հանրապետության խորհրդարանն, այսօր՝ ապրիլի 2-ին, միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այս մասին հայտնել է Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահտեսյանը:

Օրինագծի քննարկումը մարտի 26-ին հետաձգվել էր, քանի որ կիպրոսցի պատգամավորները վերապահություններ են ունեցել հարցի վերաբերյալ, նրանց մի մասն էլ ցանկացել էր, որ միայն Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանն ուղղված օրինագիծ ընդունվի:

Հիշեցնենք, որ Կիպրոսի խորհրդարանում օրինագիծը ներկայացրել են բոլոր քաղաքական կուսակցությունները համատեղ: Այն պատիժներ է նախատեսում ցեղասպանությունը, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ կատարված հանցագործությունները չճանաչողների համար: Նշվում է, որ օրինագիծն առաջարկվում է ընդունել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ:

Կիպրոսի Հանրապետությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: