Կարապետյանը ռիսկեր չի տեսնում, եթե վրացական գազամուղի 25 տոկոսը ձեռք բերի Ադրբեջանը

10

Վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, թե Վրաստանի վարչապետը հայտարարել է Հայաստանը սնուցող գազատարի 25 տոկոս մասնաբաժինը Ադրբեջանական ընկերության կողմից մասնավորեցնելու մասին, նշել է, որ վստահ չէ՝ այդ գործարքը շուտ կլինի, բայց անկախ նրանից, եթե գործարքը լինի՝ Հայաստանի համար ռիսկեր չի տեսնում:

«25 տոկոս մասնաբաժնի տեր լինելով տրանզիտային խողովակի՝ ռիսկ չենք տեսնում, որ վրացական կողմն իրեն կպահի ոչ պայմանագրին համաձայն: Տոկոսի աճի դեպքում նման ռիսկերը կարող են աճել, սակայն դա արդեն այլ քայլ կլինի և միջպետական հարաբերությունների քայլ»,- ասաց կառավարության ղեկավարը:

Պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ միգուցե ամբողջը վաճառեն Ադբեջանին: Կարեն Կարեպետյանն ասաց. «Եթե նման զարգացում լինի, մենք գիտենք, թե ինչ արգումենտացիա ունենք մեր հարևան, բարեկամական  երկրի հետ խոսելու։  Եթե  25 տոկոս իրենց սեփականությունը վաճառելու դեպքում մենք անհանգստություն ցուցաբերենք, վտանգ ունենք առնվազ ոչ կոռեկտ գտվելու, քանի որ իրենց սեփականությունն է, իրենք վաճառում են մեկ քառորդը: Տեսականորեն նման ռիսկեր գոյություն չունեն: Եթե զարգացումներ լինեն, մենք մեր արգումենտացիան կբերենք»:

Նշենք, որ Ադրբեջանական SOCAR պետական ընկերությունը պատրաստ է քննարկել վրացական «Նավթի և գազի կորպորացիայի»  բաժնետոմսերի գնման հարցը, եթե պաշտոնապես հայտարարվի վաճառքի մասին: