Լուսինե Զաքարյան երևույթի Առաքելությունը դեռ չի ավարտվել…

20

«Ազատ Ձայն»-ը շարունակում է ներկայացնել ազգայնական Ժաննա Գալստյանի հուշերի շարքը:

«Լուսինեն երևույթ էր. երևույթ իր իր անձով, լուսաշող էությամբ, ճառագող պայծառությամբ… Իմ  տպավորությամբ, կարծես նա ոչ թե գետնի վրա էր քայլում, այլ մի երկու քայլ վերևից, որ նրա ոտքերը հողին չէին դիպչում, անկախ նրա կենսախինդ, մտերմիկ ու քաջալերող պահվածքից։ Նույն օդն էինք շնչում, բայց նա ուրիշ չափումների մեջ էր, այլ  խոհերի մեջ։ Երբ երգում էր, վերանում էր դահլիճից, բեմից ու քեզ էլ տանում իր հետ՝ վեհացնելով, մաքրելով, իսկապես յոթերորդ երկինք հասցնելով… Այն ամբողջ հրճվանքը, հիացմունքն ու երախտագիտությունը, որ հորդում էր դահլիճից դեպի բեմ, նրան հաճելի էր, բայց հետո միշտ կհարցներ «լա՞վ էի երգում, իսկապե՞ս…»… Որովհետև նա Առաքելություն ուներ, Սուրբ Առաքելություն, որն այնքան անհրաժեշտ էր մարտահրավերների մեջ տառապող մեր ժողովրդին։ 

Լուսինե Զաքարյան և Խորեն Պալյան

Հիշում եմ, երբ Պալյանը վարդապետ էր ձեռնադրվում, երգչխմբում երգում էր Լուսինեն, եկեղեցում էին նաև Լուսինեի մտերիմները, երկրպագուները, ընկերները… Բոլորը հուզված էին, արարողությունն իրարից բաժանում էր սիրող զույգին… Լուսինեն երգում էր վերացած, հոգին երկնքում էր, արցունքները առատորեն հոսում էին, աչքերը երկինք հառած՝ ի՞նչ էր խոսում Տիրոջ հետ… Բեմի վրա Խորենը չէր թաքցնում արցունքները, չէր սրբում… Մենք, սյունին հենված, հազիվ էինք զսպում հեկեկոցը։ Տե՜ր Աստված, ի՞նչ է այս Խորհուրդը… Խորեն Պալյանը լքեց Էջմիածինը…
Խորենի նախաձեռնությամբ ստեղծվեց  հայ հոգևոր և ազգային երգի ճանաչողությանը նվիրված խումբ։ Սովորեցինք շարականներ, տաղեր, ազգային-հայրենասիրական, ֆիդայական երգեր։ Ներկայացնում և երգում էր Խորենը, երգում էր Լուսինեն, Տոն էր…
Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի հարսանիքի ժամանակ Խորենը մեզ խոստացավ լինել հոգատար  ու նվիրված ամուսին մեր Գանձի համար…
Հավաքվում էինք Լիդա Գևորգյանի աշխատավայրում, Լուսինեի նոր ստացած բնակարանում, որտեղ դեռ աթոռ էլ չկար։ Այդ բնակարան մեր խմբի առաջին այցի ժամանակ երկար սպասեցինք Լուսինեին, շատ էր ուշանում, Խորենը, նրան լավ ճանաչելով, ասաց որ, հավանաբար կամ չի սրսկվել իր դեղը, կամ դրանից հետո ոչինչ չի կերել ու վատացել է։ Վազելով եկավ Լուսինեն ու պատմեց, որ սրսկվելուց հետո մտել է խանութ հաց գնելու ու հարցրել է հացի գինը, զարմացած նայել են վրան, չեն ճանաչել, իսկ հիվանդությունը նրանից շատ բան էր խլել… Կենցաղից շա՜տ էր հեռու, որովհետև իրեն Տրված էր Երգը… Ծանր հիվանդության մշտական տվայտանքները, դրան հետևանք կենցաղային անճարակությունը,  մարդկանց մեջ միայն լավն ու բարին տեսնելու անվերապահ հավատը՝ Լուսինեին չափազանց խոցելի էին դարձնում ընտանեկան հարաբերությունների մեջ, շրջապատող բարեկամ թվացող մարդկանց մոտ… Երբեմն Խորենը կատակում էր, ասում, որ Լուսինեն այսօր ձվածեղ է պատրաստել, իսկ Լուսինեն հավելում էր «Խորեն, ա՜խր «բլինչիկ» էլ եմ պատրաստել, ինչո՞ւ չես ասում, էլի կսովորեմ»…

ԼՈՒՍԻՆԵՆ Երգ էր, Հավատ էր, Հույս էր, Սեր էր…

Լուսինեի մասին գրվել է երկու գիրք և լավագույնս շարադրվել նրա համերգների երևույթականության մասին։ Այդ համերգները Տոն էին բոլորի համար, համաժողովրդական Տոն: Այդ Տոնը սկսվում էր համերգասրահի մերձակա հրապարակից, որտեղ երևում էին այն երջանիկ դեմքերը, որ տոմս ունեին և փնտրող հայացքները՝ ով կարող է տոմս առաջարկել, բոլորն իրար սիրում էին, թշնամանք չկար… Լուսինեն միավորում էր, «Սիրեցե՛ք զմիմյանս» … Եվ ամենուր խոսվում էր յուրաքնչյուր համերգի մասին, նրա հաջորդ օրերը՝ երջանկություն ունեցան համերգին մասնակցելու, և այսպես մինչև հաջորդ համերգը։
Իմ ակնածանքն իր նկատմամբ միշտ խանգարում էր սովորական  մտերմությանը՝ որոշակի հեռավորություն պահպանելով շփումների մեջ, դրանից սրտնեղվում էր։
Մի համերգի համար գնացի իրենց տուն, որ ասեմ նկարելու եմ կինոապարատով, որ պայմանավորվեմ Խորենի հետ, որ մասում կանգնել։ Լուսինեն պարտադրեց Խորենին զիջել իր տեղը՝ չորրորդ շարքի կենտրոնի անցումի կողաթոռը։ Որ Խորենը ուրիշ հարմար տեղում տոմս կգտնի, չօգնեց, ոչ էլ իմ լացը, խեղճ Խորենը չգիտեմ էլ, թե որտեղ նստեց, որովհետև ամբողջ համերգի ժամանակ նա հսկում էր ու նշաններ անում Լուսինեին, ինչ-որ բան հուշելով։ Մոսկվայում սովորելուս ընթացքում երկար ժամանակով չէինք հանդիպում, Խորենի հոգին հանել էր, որ ինձ գտնի։ Մի կիրակի ընտանիքով և մեր հյուրերի հետ գնացել էինք Լուսինեին լսելու։ Հետո սպասեցի դռան սյուների մոտ, որ իրեն տեսնեմ։ Դուրս եկավ ու ինձ տեսնելով միանգամից վրա տվեց՝ «ախր էս ո՞ւր ես անհայտացել, բա կարելի՞ է, ես քեզ կարոտում եմ ու Խորենին ասել եմ, որ քեզ գտնի», ես փաթաթվել էի իրեն ու աչքերս թաց էին… «Մի՛ լացի. կգա՞ս մեր տուն», փաղաքուշ ժպիտով, հարազատի ջերմ գորովանքով ասաց ու մորս հետ ողջագուրվելուց հետո գնաց Խորենին հանդիպելու եկեղեցուց դուրս։ Խորեն Պալյանի՝ Էջմիածնի վանքը լքելուց հետո, բանադրվել էր երբեք չմտնել Վանքի շեմը… Իսկ երջանկահիշատակ Վեհափառի թաղման ծեսին եկեղեցում արդեն հնչում էր Խորեն Պալյանի յուրահատուկ տեմբրով գեղեցիկ ձայնը՝ հուզված ու մեղանչող երանգով…
Լուսինեի հիվանդության ու մահվան ամիսներին՝ այդ ամենաահավոր 1992թ., ես հիվանդացել էի, հետո էլ հիվանդապահ էի ծանր հիվանդ բարեկամուհուս։ Ինձանից թաքցրել են ոչ միայն Լուսինեի հիվանդությունը, այլև մահը՝ այդ օրերին բարեկամուհուս  թաղման արարողությունների հետ կապված՝ իմանալով, որ վատառողջ լինելով, չեմ դիմանա… Մինչև հիմա ես նրանց չեմ ներում, որ հնարավորություն չունեցա խնամելու Լուսինեին՝ նրա համար այդքան անհրաժեշտ ժամանակահատվածում, չեմ կարողացել ջերմությամբ ու հոգատարությամբ մի քիչ մեղմել նրա  հոգու տվայտանքները։
Գնացի Գայանեի վանք Լուսինեի շիրիմին այցի, որ զրուցեմ հետը կիսաձայն, որ սգում եմ իր կորուստն ու սիրտս մխում է իր տառապանքից, որ ինքը կա ու միշտ փնտրվում է իր այդքան սիրած ժողովրդի կողմից… Մոտեցանք շիրիմին, իսկ այնտեղ արդեն Խորենն էր գլխահակ կանգնած, ոչ մենակ… Ուրախացավ ինձ տեսնելով ու անմիջապես պատմեց, որ քարի վրայի տողերը իր գրածն են, ու ես ևս գլխահակ հավանության նշան արեցի… Լուսինե Զաքարյան երևույթի Առաքելությունը դեռ չի ավարտվել…»: