Ֆրանսիական Լիոնում վանդալները պղծել են Հայոց ցեղասպանության հուշակոթողը: Հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն:
Անտոնեն Պոնսեի հրապարակում կանգնեցված հուշակոթողի 36 սյուների մեծ մասի վրա գրել են վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ:
Թերթը գրում է, որ դեռևս 2006 թվականին այս հուշարձանի բացման առիթով Լիոնի ժխտողականները, թուրքական շրջանակներին ծառայություններ մատուցելով, բողոքի ցույց էին կազմակերպել` ֆաշիստական կարգախոսներ վանկարկելով:
«Սա առաջին դեպքը չէ, որ 1,5 միլիոն նահատակների հիշատակը հավերժացնող կոթողը վանդալիզմի զոհ է դառնում: Հիշողության սպանդի հեղինակներին քաջալերում է Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի բացակայությունը: Նրանք չեն զինաթափվում»,- գրում է Nouvelles d’Armenie-ն: