Պարտատերերը չեն կարող Լիդիանի նկատմամբ որևէ իրավական պահանջ ներկայացնել

8

Էկոնոմիկայի նախարարության նախկին աշխատակից Հովհաննես Ավետիսյանը գրում է.

«Երեկ` դեկտեմբերի 23-ին, Տորոնտոյի ֆոնդային բորսան (Կանադա) դադարեցրել է Լիդիան ընկերության հասարակ բաժնետոմսերի սակարկումը (առ ու վաճառք) և հիմա քննում է վերջինիս բաժնետոմսերի սակարկման իրավազորությունը (այսինքն կարող են բաժնետոմսերը բորսայում սակարկվել, թե` ոչ): 
 
Սրա պատճառը այն է, որ ավելի վաղ Լիդիանը դիմել էր Օնտարիոյի Արդարության Գերագույն Դատարան (անգլերեն` Ontario Superior Court of Justice) «Ընկերությունների պարտատերերի կարգավորման» օրենքի (անգլերեն` Companies’ Creditors Arrangement Act) ներքո պաշտպանություն ստանալու նպատակով: Վերջինս ստացել է այդ պաշտպանությունը` նախնական մինչև հաջորդ տարվա հունվարի 2-ը: 
 
Այս պաշտպանությունը ենթադրում է, որ Լիդիանի պարտատերերը չեն կարող վերջինիս նկատմամբ որևէ իրավական պահանջ ներկայացնել: Կանադական այս օրենքը անվճարունակ կազմակերպություններին, որոնք հինգ միլիոնից ավել պարտավորություններ ունեն, հնարավորություն է տալիս վերակառուցել իրենց բիզնես և ֆինանսական գործառույթները: 
 
Լիդիանը հաղորդում է տարածել, որ այս պաշտպանության ներքո գտնվելու ընթացքում նա փորձելու է կարգավորել պարտատերերի և ՀՀ Կառավարության հետ ծագած խնդիրները: Կազմակերպության հաղորդմամբ նա նաև փորձելու է.
ա) Վերջ դնել իր գնահատմամբ «անօրինական գործողություններին», որոնք խոչընդոտում են նրա գործունեությանը:
b) Դիտարկել ֆինանսական միջոցներ ներգրավելու կամ Ամուլսար ծրագիրը վաճառելու հնարավորությունները:
c) Ավարտել ՀՀ կառավարության հանդեպ օտարեկրյա ներդրումների արբիտրաժային հնարավոր գործընթաց սկսելու ֆինանսավորման հետ կապված քննարկումները:
 
Այս ամենը նշանակում է, որ նախորդ գրությամբ ներկայացված սցենարը հետզհետե սկսում է զարգանալ: Հարց, արդյո՞ք ՀՀ կառավարությունը պատշաճ ձևով պատրաստ է այս նոր փուլին և իրավական ճանապարհով այս վեճի կարգավորմանը ի օգուտ ՀՀ քաղաքացիների` կնշանակի Հայաստան պետության:
Ինչքանով որ ես եմ տեղյակ, նրանք առայժմ Ամանորյա տոնածառով և տոնակատարություններով են «ծանրաբեռնված»: