Հայաստանը և Ադրբեջանը դեռևս հեռու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մի քանի առանցքային ուղղություններում համաձայնության հասնելուց: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք հույս ունենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի: Այս մասին են վկայում բազմամյա շփումների արդյունքները, որոնց շնորհիվ հաջողվել է կարգավորման ենթակա առանցքային հարցերի ընդհանուր ըմբռնում մշակել: Դա առաջին հերթին և՛ անվտանգության հարցերն են, և՛ հումանիտար հարցերը»,-շեշտել է Լավրովը:
Լավրովի խոսքով՝ ընդհանուր ընբռնում պետք է լինի նաև Ղարաբաղի շուրջը գտնվող շրջանների հարցով: Հաջորդը՝ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցն է՝ անկասկած այնտեղ բնակվող մարդկանց հաշվի առնելով: Դա նաև միջազգային խաղաղապահ ուժերի չափանիշների համաձայնեցումն է»,- ասել է Լավրովը:
Լավրովը ընդգծել է, որ այս ուղղությունների մեծ մասի շուրջ համաձայնության են հասել:
«Սակայն 2-3 կոնկրետ թեմաները, որոնք վերջնական փաթեթի համար առանցքային են, դեռևս չեն քննարվում: Չեմ ստի՝ մենք դեռևս հեռու ենք այն իրավիճակից, երբ կողմերը այդ ուղղություններով միասնական մոտեցում կմշակեն»,- ասել է նախարարը: