Իրաքի Էն Նասիրիա քաղաքի մոտակայքում՝ Աբու Տբեիրախ բնակավայրում, որը տեղակայված է Պարսից ծոցի հնագույն ջրափնյա գծի վրա, հնագետները հայտնաբերել են շումերական շրջանի նավահանգիստ: Հաղորդում է Rai-ն:
Իրաքա-իտալական հնագետների խումբը, համատեղ աշխատանքների արդյուքնում, հայտնաբերել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակին թվագրվող նավահանգիստ:
Պեղումները ղեկավարել են Լիչիա Ռոմանոն և Ֆրանկո Դ’Ագոստինոն: Նրանց պնդմամբ. «Աբու Տբեիրախ բնակավայրում տեղակայված նավահանգիստը կավի մեծ շերտով է պատված: Երկու մուտքերը կապում են այն քաղաքի հետ և հստակ երևում են Google-ի արբանյակային պատկերների վրա»:
Հնագետների համոզմամբ՝ սա Իրաքում հայտնաբերված ամենահնագույն նավահանգիստն է: Այս գտածոն թույլ կտա վերաշարադրել Միջագետքի և դրա վրա ապրող քաղաքակրթության պատմությունը, ինչպես նաև հերքել այն տեսակետը, որ հինավուրց Միջագետքի քաղաքները շրջապատված էին (միայն) հացահատիկի դաշտերով և ոռոգման ջրանցքներով:
Գիտնականները չեն հերքում նաև այն, որ այս հնագույն նավահանգիստը, որի տարածքը գերազանցում է Օլիմպիական 12 լողավազանների չափերին, կիրառվել է ոչ միայն որպես նավահանգիստ և առևտրային գործարքների վայր, այլև որպես ջրամբար և հեղեղների համար նախատեսված հսկայական ավազան: