Հնագետները վաղուց գիտեին, որ հին աշխարհում գարեջուրը կարևոր տեղ է զբաղեցրել ժամանակի մարդկանց առօրյայում, բայց միայն մեզ հասած արձանագրություններից և պատկերագրերից. և ահա իրեղեն վկայություն է ի հայտ եկել՝ կավե անոթներ, որոնցով, ըստ հնագետների, գարեջուր են խմել: Հաղորդում է Journal of Archaeological Science-ը:
Հնագետներն այժմ աշխատում են տեխնոլոգիայի միջոցով բացահայտել մոտ 2500 տարվա վաղեմության կավե անոթում առկա նստվածքի բաղադրությունը, որը հայտնաբերվել է Հյուսիսային Իրաքում:
«Այն, ինչ հայտնաբերել ենք, կավե տարրաների պատերին մնացած նստվածքի քիմիական բնութագրեր են, որոնք պարունակում են խմորված գարու հետքեր»,- ներկայացնում է Գլազգոյի համալսարանի հնագիտության դասախոս Կլաուդիա Գլատզը:
«Այս ամենից կարելի է եզրակացնել, որ տարրաներում միանշանակ գարեջուր է»,- հավելում է Գլատզը:
Տեխնոլոգիայի կիրառումը կապացուցի գյուտը՝ հնագետներին տալով այլ պեղումների ընթացքում գարեջուր գտնելու հնարավորություն:
Գարեջուրը հնագույն աշխարհում
Հնագետները Միջագետքում գարեջրի առկայության մասին դեռևս պատկերագրությունից գիտեին, որը ցույց էր տալիս գարեջուր խմելու ծիսակարգը: Անգամ հղումներ կան հնագույն տեքստերում, որտեղ նկարագրվում է գարեջուրը որպես օրապահիկի մասնաբաժին: Դրանցից ամենահայտնին շումերական Նինկասի դիցուհուն նվիրված ձոնն է՝ մ.թ.ա. 1800թ.: Պոեմում կա գարեջրի բաղադրությունը, որը որպես ձոն նվիրվել է գարեջրի դիցուհի Նինկասին: Այնտեղ ասվում է, որ ածիկը թրջում էին տարրայի մեջ և տարածում եղեգների վրա:
Գարեջրի այլ հղումներ կան Գիլգամեշ էպոսում: Անտառում մեծացած Էնկիդուն խմում էր 7 տիկ գարեջուր:
Գլատզը նշում է. «Միջագետքում բոլորը գարեջուր էին խմում, բայց այն նաև հասարակական նշանակություն ուներ ծիսակատարությունների ժամանակ: Այն իրապես բնութագրում է Միջագետքի բնակչի էությունը»:
Գարեջրի վաղագույն հետքերը թվագրվում եմ մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջին շրջանով: Այդ հետքերը հայտնաբերվել են մերօրյա Իրանի Գոդին Թեփե հնավայրից: Հենց այնտեղից են գտել գայլուկ քիմիական հումքը, որի շնորհիվ տեղի է ունենում խմորման գործընթացը:
Հնագետները Իրաքում հայտնաբերված անոթի բաղադրության մեջ փորձել են գտնել քիմիական այդ հետքը: Այդ տարածքը, որտեղից հայտնաբերվել են հնագույն գարեջրի կավե անոթները, եղել է ճամփորդական հանգույց՝ կապելով աշխարհի առաջին քաղաքները կայսրությունենրի հետ, որոնք ձևավորվել էին Զագրոսի Լեռներում:
Խանի Մասի հնավայրում հնագետները գործ ունեն մ.թ.ա. 1415-1290թթ.՝ ուշ բրոնզե դարի գտածոների հետ. դա է վկայում պեղված խեցեղենը:
Հնագետները հետաքրքված են՝ ինչպես են ապրել այդ տարածքի բնակիչները բրոնզե դարում, ինչ են կերել և խմել:
Հնագետ Պերուչինիի խոսքով՝ ինքը կիրառել է ամենաավանդական քիմիական տեխնոլոգիաները նստվածքները փորձարկելու համար, բայց արդյունքն այդքան էլ պարզ չի ստացվել:
«Պեղումների ընթացքում ձեռք ենք տալիս ամեն ինչի, և դա հետք է թողնում նմուշի վրա»,- ասում է նա:
Հենց այդ պատճառով հնագետը որոշել է լաբորատորիան անմիջապես տեղափոխել հնավայր՝ նոր պեղված անոթներն ու գավաթները ձեռնոցներով փորձարկելու, նախքան որևէ մեկի ձեռքը կդիպչի դրանց: Նրանք փորձել են ուսումնասիրել նստվածքի բնութագրերը՝ հայտնաբերելու գարեջրի նման ինչ-որ զանգված:
Պատկերագրության և պեղումների համաձայն, Խան Մասիից ավելի վաղ, մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում գարեջուր էին խմում հսկայական կարասներից՝ եղեգի երկար անոթներով: Հետագա հազարամյակում այդ մեծ գարեջրի կարասները վերափոխվել են և դարձել առանձին անոթներ:
«Մենք տարաբնույթ անոթներ ենք հայտնաբերել»,- նշում է հնագետը՝ շեշտելով, որ նախկինում կարծել են այդ անոթները կիրառվել են գինու համար: Բայց քիմիական հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք գարեջուր են պարունակել:
Հնագետի խոսքով՝ անոթի ձևը նույնիսկ դրանից օգտվողի սոցիալական դիրքն է վեր հանում:
Պատմական ակնարկ
Խանի Մասին եղել է կասիտների տիրապետության տակ: Կասիտները, որ հավանաբար ունեն Զագրոսի Լեռների ծագում, ընդունել են Միջագետքի մշակութային շատ անվանդույթներ և ունեին դիվանագիտական հարաբերություններ այլ կայսրությունների հետ, ինչպես օրինակ՝ Ասորեստանի և Եգիպտոսի:
Գարեջուրը կարևոր էր Միջագետքում, քանի որ խմորման գործընթացը օգնում էր պահպանել հատիկեղենը երկար ժամանակ, ինչպես նաև խմորումը բարձրացնում էր հատիկների սննդային արժեքը:
Տեսակետ կա նաև, որ մարդիկ գարեջուր էին խմում, քանզի ջուրն այդքան էլ լավը չէր:
Շատերի մոտ հարց է ծագում, թե ինչ համ ուներ գարեջուրը: Հնագետները փորձում են Նինկասին ձոնված գարեջրի բաղադրատոմսով և նշված տեխնոլոգիայով ստանալ հայտնաբերված նստվածքի գարեջուրը: Բացի այս՝ որոշ հնագետներ փորձել են ստանալ 4000-ամյա վաղեմության խեթական գարեջուրը: Նշում են, որ բույրը սոսկալի է եղել:
Հնագույն գարեջուրը Վանի թագավորությունում
Ուշագրավ են Թեյշեբաինի ամրոցից հայտնաբերված երկարավուն իրանով ոչ շատ մեծ անոթները` գարեջուր պահելու համար։ Հայկական լեռնաշխարհում գարեջրի գոյության մասին վկայում են նաև մի քանի պատմիչներ, որոնցից Ք.ա. 5-րդ դարի հույն զորավար և պատմագիր Քսենոփոնը իր «Անաբասիս» («Նահանջ բյուրաց») գրքում այսպես է նկարագրում Արմենիա երկրում ճաշակած գարեջուրը.
«Այստեղ կար նաև ցորեն և գարի և կրատերների մեջ գարուց պատրաստած գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ` մեծ ու փոքր, առանց ծնկի։ Ծարավելու դեպքում մարդը պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ և խմեր։ Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր»։
















