«Իրանը ցանկանում է Հայաստանի միջոցով կապվել ԵԱՏՄ անդամ երկրներին»,-այդ մասին հայտարարել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին:
Իրանի կառավարության ներկայացուցիչը, այսօր Թեհրանում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ ունեցած հանդիպմանը անդրադառնալով հայ-իրանական երկկողմ տնտեսական հարաբերություններին, մասնավորապես ասել է. «Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), մենք ցանկություն ունենք այդ առիթն օգտագործել և մեր ապրանքներն արտահանել Ռուսաստան և կառույցի այլ անդամ երկրներ»:
Նշենք, որ այսօր Իրանի մայրաքաղաք Թեհրանում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի ղեկավարած պատվիրակության, ինչպես նաև 65 հայ գործարարների մասնակցությամբ տեղի կունենա Իրան-Հայաստան գործարար համաժողովը:














