Իրանը հրաժարվել է Ադրբեջանին վաճառել հեռահար հրթիռներ

59

Իրանը, ադրբեջանա-իսրայելական համագործակցության ֆոնին, հրաժարվել է Ադրբեջանին վաճառել հեռահար հրթիռներ, չնայած այն հանգամանքին, որ Բաքուն բազմիցս այս հարցով դիմել է իրանական կողմին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ադրբեջանցի պատգամավոր Էլման Նասիրովը:

Ըստ ադրբեջանական կողմի՝ Իրանի նման վարքագիծը կապված է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Բաքու կատարած այցի հետ, ինչը հաստատել է նաև Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմիի հայտարարությունը։

Սակայն ադրբեջանցի ատգամավորը շեշտել է, որ ադրբեջանա-իսրայելական կապերը հիմնված են փոխադարձ շահերի վրա և կրում են երկկողմանի բնույթ։

«Ադրբեջանի և Իսրայելի միջև ձևավորվել է ռազմական հուսալի համագործակցություն։ Իսրայելը կարևոր դեր է կատարում Ադրբեջանի ռազմական արդյունաբերության ստեղծման գործում և ապահովում է ժամանակակից սպառազինությամբ։ Իսկ Իրանը բացասական պատասխան է տվել հեռահար հրթիռներ մատակարարելու Ադրբեջանի բազմաթիվ խնդրանքներին»,-ասել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի Արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Բաքու կատարած այցին՝ նշելով, որ Ադրբեջանը չպետք է ընդուներ այդ այցը: